Մանվել Գրիգորյանը առողջական խնդիրների պատճառով չի մասնակցում դատական նիստին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Այսօր՝, հուլիսի 23-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։ Այս նիստին Մանվել Գրիգորյանը չի մասնակցում առողջական խնդիրների պատճառով։ «Նաիրի» ԲԿ-ի կողմից համապատասխան գրություն էր ներկայացվել դատարան։ Հիշեցնենք, որ նախորդ նիստին ևս Մ․ Գրիգորյանը չի կարողացել մասնակցել դատական նիստին։ 

Այս նիստին Մ․ Գրիգորյանի պաշտպանական կողմը պետք է օտարերկրյա մասնագետների ներկայությունն ապահովվի՝  Մանվել Գրիգորյանի առողջության հարցով դատախազության միջնորդության հիման վրա ձևավորվող  փորձագիտական խմբում ներգրավվելու համար։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։ 

Նազիկ Ամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, Արման Գրիգորյանը հետախուզվում է, իսկ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է 2018 թ-ի հունիսի 16-ին։