ԵԱՏՄ փոխադարձ առևտրի ծավալները կրճատվել են 4,8 %-ով. հրապարակվել է ԵԱՏՀ զեկույցը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

առևտուր

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է ԵԱՏՄ անդամ երկրների ընթացիկ տարվա առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները, ներկայացնում է «Արմենպրեսը»։ 

Ըստ այդմ՝ ընթացիկ տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ԵԱՏՄ-ում հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների գծով աճ է գրանցվել, մինչդեռ փոխադարձ և արտաքին առևտրի ծավալները նվազում են արձանագրել։ 

Միության երկրների շարքում արդյունաբերական արտադրանքի ամենաբարձր աճը գրանցվել է Ղրղզստանում՝ 19,7 տոկոս, ապա Հայաստանում՝ 6.9 տոկոս։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 583,6 մլրդ ԱՄՆ դոլար։ Ռուսաստանի մասնաբաժինն ընդհանուր արդյունաբերական արտադրանքում 88,4% է, Ղազախստանինը՝ 6,5%, Բելառուսինը՝ 4,5%, Հայաստանինը և Ղրղզստանինը՝ 0,3-ական %։

ԵԱՏՄ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունի վերամշակող արդյունաբերությունը՝ 61,4 տոկոս, ինչը նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ նվազել է 1 տոկոսային կետով։ Հանքարդյունաբերության և քարհանքի մշակման մասնաբաժինն աճել է 1,1 տոկոսով՝ կազմելով 28,4 տոկոս։

2019-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում վերամշակող արդյունաբերության որոշ ապրանքատեսակների գծով աճ է գրանցվել։ Ի տարբերություն 2017-ի հունվար-հունիսի նկատմամբ 2018-ի առաջին կիսամյակում գրանցված անկմանը, կտրուկ աճել են վերամշակված կաթի արտադրության ծավալները մոտ 39 տոկոսով, ձավարեղենինը՝ 30.7 տոկոսով։ Աճ են գրանցել նաև կարագի արտադրության ծավալները մոտ 41 տոկոսով։ Կտրուկ կրճատվել են չվերամշակված բուսական յուղի արտադրության ծավալները։

Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը ԵԱՏՄ-ում աճել է 1,2 տոկոսով։ Բացառությամբ Հայաստանի, մնացած երկրների գծով աճ է գրանցվել, ընդ որում համեմատաբար ամենամեծ աճը գրանցել է Ղազախստանը՝ 3,8 տոկոս։ Հայաստանում գյուղարտադրանքի ծավալները կրճատվել են 6,5 տոկոսով։

Դիտարկվող ժամանակահատվածում շինարարության ծավալներն աճել են 0,8 տոկոսով՝ չնայած Ղրղզստանում և Հայաստանում գրանցված անկմանը՝ համապատասխանաբար 0,1 և 19,1 տոկոսով։

Մանրածախ առևտուրն աճել է 2,1 տոկոսով, մինչդեռ 2018-ի առաջին կիսամյակում 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել էր 3,3 տոկոս։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մանրածախ առևտրի ամենաբարձր աճը գրանցվել է ՀՀ-ում՝ 5,5 տոկոս, ապա Բելառուսում՝ 5,4 տոկոս։

Ուղևորաշրջանառության և բեռնաշրջանառության ծավալները ևս աճ են գրանցել՝  համապատասխանաբար 6,5 և 1,5 տոկոսով։ ՀՀ ուղևորաշրջանառության 2,4 տոկոս աճը հիմնականում պայմանավորված է երկաթուղային տրանսպորտով կատարված ուղևորաշրջանառության՝ 22 տոկոս, ինչպես նաև օդային տրանսպորտաշրջանառության՝ 17,1 տոկոս աճով։ ԵԱՏՄ-ում ուղևորաշրջանառության աճը պայմանավորված է օդային տրանսպորտով ուղևորաշրջանառությամբ՝ 12.9 տոկոս։

ԵԱՏՄ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ծավալների տվյալները վերաբերում են ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին։ Դիտարկվող ժամանակահատվածում փոխադարձ առևտրի ծավալները կրճատվել են 4,8 տոկոսով, իսկ արտաքին առևտրի ծավալները՝ 0,9 տոկոսով։ Բացառությամբ Ղազախստանի և Ղրղզստանի, մնացած երկրներում արտահանման ծավալները կրճատվել են։ Ներմուծման ծավալներն աճել են միայն Բելառուսում և Ղրղզստանում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news