Նյու Յորքում կբացվի անվանի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 2024News

.

Առաջիկա օրերին անվանի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը կբացվի Նյու Յորքում։

Հայտնում է «Էրմենիհաբեր»-ն ու հիշեցնում, որ Թուրքիայի նախագահականի նախաձեռնությամբ և Արա Գյուլերի թանգարանի, արխիվի ու հետազոտական կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպված ցուցահանդեսն ապրիլին բացվել էր նաև Լոնդոնում, մայիսին՝ Փարիզում, հունիսին՝ Ճապոնիայում։

Լոնդոնում և Փարիզում ցուցադրությունների ընթացքում աշխարհահռչակ հայ լուսանկարչի գործերին անդրադարձել են այնպիսի առաջատար լրատվամիջոցներ, ինչպիսիք են «The Times»-ը, «Daily Mail»-ը, «Le Figaro»-ն։  Արա Գյուլերի ստեղծագործությունների նյույորքյան ցուցադրությունը արվեստասերների համար բաց կլինի սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 4-ը։

Ցուցահանդեսում հիմնականում ընդգրկվել են լուսանկարչի կողմից 1950-ականներին արված լուսանկարները։ Այլ գործերի շարքում կցուցադրվեն նաև Դասթին Հոֆմանի, Ֆեդերիկո Ֆելինիի, Պաբլո Պիկասոյի, Սալվադոր Դալիի, Բրիջիտ Բարդոյի, Սոֆի Լորենի լուսանկարները։

Ցուցահանդեսի շրջանակներում նաև կկազմակերպվի հանդիպում – քննարկում՝ «Միջմշակութային երկխոսություն՝ Արա Գյուլերի միջոցով» խորագրով։

Նյու Յուրքից հետո Արա Գյուլերի լուսանկարները կցուցադրվեն նաև Հռոմում, այնուհետև՝ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող Թուրքիայի դեսպանատանը։

Գյուլերի ստեղծագործությունների ցուցահանդեսները հովանավորվում են թուրքական «Halkbank» և «Ziraat» բանկերի, «Sabah» և «Daily Mail» պարբերականների և «Թուրքական ավիաուղիներ» (THY) ավիաընկերության կողմից։