Հրայր Թովմասյանն արձակուրդ է ձևակերպել, նա ընդհանրապես դատարան չի գալու. ՍԴ դատավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ՍԴ-ն վաղ առավոտից աշխատակարգային նիստ է սկսել, օրակարգում է նաև Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծը, որի վերաբերյալ Հրայր Թովմասյանի հետ որևէ քննարկում չի եղել:

Ալվինա Գյուլումյանը նաև նշել է, որ դեռ օրակարգի այլ հարցերն են քննարկում և ընդմիջումից հետո պարզ կլինի՝ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծը կընդունվի՞ ՍԴ վարույթ, թե՞՝ ոչ։

«Ենթադրվում է, որ որոշումն այսօր կլինի, որովհետև օրերով հաշվվող ժամկետ է, հնարավոր է՝ աշխատանքային ժամերից դուրս քննարկումը շարունակվի, եթե որոշման չգնանք»,-ասել է նա:

Ալվինա Գյուլումյանը նաև տեղեկացրել է, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նիստին չի մասնակցում, և որ պատճառը չի կարող նշել, թեև, ըստ նրա, Գրիգորյանը ծանուցվել է նիստի մասին:

«Ենթադրելի է, որ ինչպես նախորդ գործերին, այս անգամ ևս նա ուղղակի ցանկություն չունի մասնակցելու առայժմ»,- ասել է Գյուլումյանը, ապա նաև տեղեկացրել, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ այս նախագծի վերաբերյալ որևէ քննարկում չի եղել:

«Հրայր Թովմասյանն արձակուրդ է ձևակերպել, նա ընդհանրապես դատարան չի գալու: Օրենքը չէր արգելում նրա մասնակցությունը գործի քննությանը, ենթադրում եմ, որ գործի քննության անաչառությունը ապահովելու նպատակով այսօր, եթե չեմ սխալվում նաև վաղը, արձակուրդում կլինի և նիստերը կանցկացվեն առանց նրա մասնակցության»,-ասել է Գյուլումյանը: