Ե՞րբ մենք կփոխադրվենք XXI - րդ դար

ԵՐԵՒԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 24News

Ռուբեն Վարդանյան
«21 - րդ դարը մերն է լինելու»

Վազգեն Սարգսյան

Ժամանակին համահունչ են գնում պրագմատիկները, հետ են ընկնում անկազմակերպները,  և միայն նրանք են ժամանակը իրենցով անում, ովքեր ոչ միայն ապագան են կանխատեսում, այլև կերտում են նպատակ, որի տևողությունը մարդկային մեկ կյանքից ավելին է:

Սա հավատքի, անհատականության, կամքի և երևակայության խնդիր է, ինչից կախված է պետությունների ու ազգերի պատկերը պատմական պատկերաշարքերի շարժման մեջ:

«Հավատքն առանց գործերի մեռած է, և գործերն առանց հավատքի՝ ունայն» (Հակոբոս 2.17): Անվիճելի այս ճշմարտությունը անդադար աշխատասիրության մասին է, իսկ աշխատանքը բխում է նպատակից:

Հայաստանի Հանրապետությունը պետք է հետևողականորեն գնա իր նպատակը առաջ տանելուն՝ այն է, քայլ քայլ իրականացնելու մեր համազգային միասնականությունը, ամրացնելու համաշխարհային դիմադրողականությունը (ձևակերպումները վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱՄՆ, 1999թ.) և միանշանակ դուրս մղի ազգային և կուսակցական կարծրատիպերը` գնա պետականության արգասիքի հետևողական զարգացմամբ` այսինքն անշեղորեն շարժվի 1988թ. Շարժման գաղափարներով և արժեքներով, որտեղ գլխադասայինը պետության շահն է` վեր ամեն ինչից:

Քրիստոնեական տիրույթներում լավ մշակույթն է լավ պետության հիմքը: Առանց լավ մշակույթի չի կարող լինել արժեքավոր պետականություն, քանի որ աշխարհում երկու հարաբերություն կա` իշխանություն և հպատակներ, ու մշակույթի միջոցով պետք է բնակչությունը բերվի իշխանությանը ենթակայության: Կառավարողներ և կառավարվողներ տիեզերական իրավաչափությունը եղել է սկզբից ու տևում է մինչ օրս, կգնա՝ հասնելով Ահեղ Դատաստանին: Հարցը ազատ կամքի դրսևորման մեջ է` Աստծունը Աստծուն ու կայսրինը կայսեր (Մատթեոս 22:21): Ո՞նց ենք մենք մեզ տրված հնարավորություններին վերաբերվում` անփույթ, թափթփված, ցածր գիտակցությամբ, քանի որ միջին հայի տեսակը շարունակեց շատանալ, և իշխանությունը, վերջին 18-19 տարիների ընթացքում ոչ թե գնաց ազգի կատարելագործման ուղիով, այլ հակառակը` գլորելու ճանապարհով, և հարց էր ծագում, թե ուր անհետացան 1988թ. Զարթոնքի փայլուն սերունդը և նրա հետնորդները, իսկ միջին հայը շարունակում է անփոփոխ գոյատևել, որովհետև նրա ապրելու իմաստը խիստ ենթագիտակցական է ու միայն նյութական, անկիրթ ապրելը` չափանիշ և ձգտումները չեն բարձրանում ցանկությունների մակարդակից: Հիշենք Մարկեսին՝ «Արածեք կովեր, քանզի կյանքը կարճ է»։ Եվ երբ իշխանությունը մտավ այս խավի հետ խաղի մեջ, փոխանակ նորոգելու, իսկ առավել համառներին ամոթի անկյունը տշելու, Հայաստանի հանրային կյանքը բռնեց ասիական աղբանոցի գարշահոտությունը: Այս առումով 2018թ. տեղի ունեցած իրադարձությունները ազդեցություն չունեցան` նորերը տանում են մանիպուլյատիվ քաղաքականություն, ու քանի որ եկած իշխանությունը զոռբա չէ, բայց հոգևոր ու մշակութային խորություն չունի, ժամանակակից մակերեսային տեսակ է, որի մեջ եղածները նման են մեկը մյուսին ու բացի վառ արտահայտված լիդերից մնացած տեղերը թափուր են կամ կիսով չափ դատարկ, ժողովրդական և հանրային գիտակցության որակական բարելավում չի նշմարվում: Մինչդեռ իշխանության հեղինակությունը և հարգանքը նրա առջև, ազգային ավանդույթները ու պետության կարգուկանոնը կարևոր հիմնադրույթներ են և ինստիտուցիոնալ հարատևություն են պահանջում: Մենք մեր էներգիան պիտի ծախսենք առաջին հերթին ներսում, որ այն դուրս գալուց լինի հզոր, ազդեցիկ և պետքական ու ոչ միայն զգացական այլ` իմաստավորված և օգտակար, ժամանակի մեջ չմաշվող, ձևով հայկական, բովանդակությամբ` քաղաքակրթական:

Պարտադրանք ունենք պատմության մեջ եղած մեր մեծն ու կարևորը համակարգելու և ժամանակի մեջ ավելի թափով ներխուժելու` չհեռանալու այլ այլևս խոշորանալու պայմանով:

Այս ամենի համար ինքնիշխան պետականամետների զորահավաքի շեփորահարում է պետք, որովհետև քրիստոնեությունից հետո անկախ պետականությունը ամենաբարձր գաղափարն է: Մենք շտապ կարիք ունենք գիտակցելու, որ ապրում ենք Հայաստանի պատմության ամենահետաքրքիր շրջանում` 1988թ. սկսած, և որ ամեն մեկս հերոսանալու հնարավորություն ու անհրաժեշտություն ունենք: Անկախ պետականությունը երջանկություն է, իսկ պետականաշինության մաս կազմելը` կրկնակի երջանկություն և, որպեսզի ձյութե հոսքի մեջ աննկատ չսահենք, ուրիշի կամքին ծեփված պետք է մեր կամքը թելադրելու բնավորություն ունենանք:

Արտաքուստ իրավիճակը թվացյալ բարեկարգ է թվում, բայց իր խորքում մտահոգիչ խութեր ունի:

Նախկին մրուրը բոցկլտալով ուզում է հրդեհ դառնալ, իսկ ներկա գործողը` ստրատեգ չէ և համառ է իր միջակության մեջ:

Նախ, աղբի մասին շատ երկար խոսվեց, ու զիբիլը լիրիկական բնույթ ստացավ, դատական համակարգը հեգնաժպիտ ծամածռությամբ իշխանության նյարդն է սղոցում, իսկ նրա Սահմանադրական հատվածի կածր պահվածքը վիճակին ծանրություն է ավելացնում։ Ամուլսարը օդ բարձրացավ և սպասում է զմփալու իր ժամին, Վանեցյանն էլ հեռացվեց՝ լեզվակռիվ սկսելով, իսկ Վիտոյի ու Արցախի ծայրահեղականների աղմուկը չի դադարում:

Իշխանափոխությամբ իշխանություն ձևավորած մարմինը կարող է հանկարծակի ճաք տա ու լցվի անցքի մեջ, որովհետև ռազմավարական տակտիկայի բացակայությունը, կադրային աբսուրդն ու նպատակների կարճամետրաժությունը նրա մասին է, որ չի ընկալվել իշխանության հոգեբանությունը և մարտահրավերների իմաստը: Ինչքան էլ պահուստների պարկերը լցվեն, որպեսզի համապատասխան պահին քաղաքացիների գրպաները մտնեն՝ քիչ է, կարճաժամկետ է ու անհեռանկար: Vox populin քաղաքականության մեջ նենգ երևույթ է, ու պոպուլիզմը լավ է չափի մեջ, իսկ նրանով տառապելը ինչ-որ պահից, վտանգավոր է դառնում կրողի ու տարածողի համար և հասանելիության տարածքում գտնվողների հանդեպ: Եվ, որպեսզի նախկինի ներկայությունը վերանա, քաղաքական գնահատականն, արագ ու հանկարծակի գործողություններն են պակասում, և այս կոնտեքստում պետք չի ռեյտինգ կերակրելու մասին մտածել` մշտապես հնի ու նորերի հակասությունը տաք պահելով: Իշխանությունը գնալով իր տեսակի մեջ ավելի է կարծրանում, և մթնոլորտի էսկալացիայի ու կտրուկ շրջադարձների դեպքում, որպեսզի դաշտը քանդուքարափ չդառնա, երրորդ ուժեղ ու դինամիկ ուժի ներկայությունն է պահանջվում, որը թարմություն կավելացնի, զսպող գործոն կլինի ու շարունակություն ապահովող դեր կխաղա:

P.S. Վարկանիշը մի կենդանի է, որ շատ ուտելով չի կշտանում ու վերջում իր կերակրողին է կուլ տալիս և նրա հետ վերանում` հիշողություն դառնում:

Ռուբեն Վարդանյան

պատմաբան