ՀՀ փոխոստիկանապետը Ստոկհոլմում քննարկել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 16, 24News

ոստիկանություն

Հոկտեմբերի 15-ին ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը շվեդ պաշտոնյաների հետ Ստոկհոլմում քննարկեց ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները։ ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը և հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար Արտակ Ավետիսյանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Շվեդիայում ՀՀ դեսպանության աշխատակիցը։
ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը հանդիպում ունեցավ Շվեդիայի Թագավորության արդարադատության և արտաքին գործերի նախարարությունների պատվիրակության հետ, որը գլխավորում էր արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդրա Վիլտոն Վահրենը:
Շվեդական կողմը ողջունեց նախքան ՄԱԱԵ մեկնարկը ԵՄ անդամ երկրների հետ ուղղակիորեն երկխոսելու և նրանց տեսակետներին հաղորդակից դառնալու Հայաստանի նախաձեռնությունը։
Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ համատեղ խորացնելու միգրացիոն ոլորտում համագործակցությունը, ինչը պարարտ հող կստեղծի ՄԱԱԵ-ն հաջողությամբ նախապատրաստելու և իրականացնելու համար: