Սերժ Սարգսյանի կողմից նշանակված անձի շուրջ ճգնաժամը միանշանակ լուծվելու է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

«Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մեջ որևիցե քաղաքական հետապնդում տեսնելը ճիշտ չեմ համարում։ Քաղաքական հետապնդում տեսնելը իրավիճակին չտիրապետելուց է», - այս մասին 24News-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ 

Խոսելով Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելու մասին՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ անձնական դաշտ մտնելու միտում չկա, և  նման փորձերը անհաջողության են մատնվելու։ 
«Չկա միտում ցավեցնելու կամ հարցը անձնական դաշտ տանելու, Հրայր Թովմասյանն այն անձը չէ, որ մենք մեզ թույլ տայինք նման բան անել, ինքը գերագանահատում է իր ով լինելը՝ երեկ, այսօր և վաղը»,- ասաց Սիմոնյանը։

«Այս ճգնաժամը, որը կա Սերժ Սարգսյանի կողմից նշանակված մեկ անձի շուրջ, միանշանակ լուծվելու է, սա չի վերաբերվում որևիցե անհատի, այլ վերաբերում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին և, ընդհանուր առմամբ, վստահության հարցին, որը մեղմ ասած, գոյություն չունի» - հավելեց Սիմոնյանը։