ՀՀ նախագահը ջանքեր է գործադրում հայ-ֆրանսիական կապերը սերտացնելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 21, 24News 

.

Ֆրանսիական «Լը Կուրիե դը Ռուսի» (Le Courrier de Russie) պարբերականը հատուկ հոդված է հրապարակել «Արմեն Սարգսյան. Հայ-ֆրանսիական կապակցումը» խորագրով, որում անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական հարաբերություններին և դրանց զարգացման գործում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ունեցած դերակատարությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, պարբերականը նշում է, որ նախկինում ֆիզիկոս, դիվանագետ և գործարար եղած Արմեն Սարգսյանը 2018 թվականից զբաղեցնում է Հայաստանի նախագահի պաշտոնը: «Չնայած 2015թ. սահմանադրական բարեփոխումներով կրճատված նախագահական լիազորություններին՝ Սարգսյանը ջանում է երկրին տալ միջազգային տեսանելիություն՝ օգտագործելով իր լայն ծանոթությունները և քաղաքական, տնտեսական ու ֆինանսական շրջանակներում անձնական կապերը»,- նշում է «Լը Կուրիե դը Ռուսի»-ն՝ ընդգծելով, որ ՀՀ նախագահը պաշտոնը ստանձնելուց ի վեր ջանքեր է գործադրում նաև հայ-ֆրանսիական կապերը առավել սերտացնելու ուղղությամբ:

Պարբերականը գրում է, որ Արմեն Սարգսյանն իր անձնական կապերի և ազդեցության շնորհիվ այս տարվա հունիսի 7-9-ը Դիլիջանում կազմակերպեց «Մտքերի հայկական գագաթնաժողովը», որի շրջանակում տարբեր երկրներից ժամանած ավելի քան երկու հարյուր ազդեցիկ գործիչներ քննարկեցին տարածաշրջանային և համաշխարհային հարցեր: Պատվավոր հյուրերի շարքում էր  նաև Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ում հետ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնապես երկու անգամ հանդիպել էր՝ 2019 թվականի փետրվարին Փարիզում և հունիսին՝ արդեն Երևանում: Պատահական չէ, որ ֆրանսիացի հայտնի գործիչը հուլիսին դարձավ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի վարչության անդամ՝ մարմին, որը կոչված է երկիր բերել օտարերկրյա ներդրողներին: «Երևանում ոչ մի կասկած չունեն, որ այդ նշանակումն անձամբ Հայաստանի նախագահի միջամտությամբ է»,- ընդգծում է պարբերականը:

Անդրադառնալով Հայաստանի համար հեռանկարային համարվող այնպիսի ուղղություններին, ինչպիսիք են հեռահաղորդակցությունը, արհեստական բանականությունը՝ «Լը Կուրիե դը Ռուսի»-ն նշում է, որ Արմեն Սարգսյանի համար թիրախային համարվող այս ոլորտները ֆրանսիական ձեռնարկությունների համար չօգտագործված հնարավորություններ են: Պատահական չէ, որ ՀՀ նախագահը Երևանում և Փարիզում քանիցս հանդիպել է պաշտպանական, ավիատիեզերացիոն և հեռահաղորդակցության ոլորտներում համաշխարհային առաջատար «Թալես» ֆրանսիական ընկերության ղեկավար խմբի հետ: Այժմ արդեն խորացված բանակցություններ են ընթանում Հայաստանում ընկերության մասնաճյուղ հիմնելու ուղղությամբ: Նշվում է, որ Հայաստանի նախագահը սերտ կապեր ունի և պարբերաբար հանդիպում է նաև օդագնացության առաջատար «Դասո» ընկերության ղեկավար կազմի հետ:

«Իսկ ֆրանսիական Լը Բուրժեում Սարգսյանը խոսել է ֆրանսիական արդյունաբերության երկու այլ հսկաների՝ «Էյրբասի» և «Սաֆրանի» հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին: Նա Փարիզի օդանավակայանների ներկայացուցիչների հետ քննարկել է նաև Երևանի և Փարիզի միջև օդային թռիչքների թիվն ավելացնելու հարցը: Ըստ նյութին տեղյակ աղբյուրների՝ Բովեի օդանավակայանի ղեկավարությունը դեմ չէ Հայաստանի մայրաքաղաքի հետ բյուջետային թռիչքների ավելացմանը»,- գրում է ֆրանսիական պարբերականը:

«Լը Կուրիե դը Ռուսի»--ն նշում է, ո ՀՀ նախագահը մշտապես շեշտադրում է մեր երկրի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև կամուրջ լինելու փաստը: «Այս պահին դժվար է ասել, թե Մոսկվան ինչ աչքով է նայում իր գործընկերոջ միջազգային նոր հավակնություններին: Իհարկե, ըստ Հայաստանի Սահմանադրության, Հայաստանի տնտեսական ցանկացած ինտեգրում վերազգային որևէ տարածքի վերապահված է վարչապետին: Այնուամենայնիվ, անցած հուլիսի 1-ին Մինսկում, Եվրոպական խաղերի փակման արարողության շրջանակներում Պուտինի և Սարգսյանի միջև կոնֆիդենցիալ հանդիպումը (խոսակցության բովանդակությունը նախքան այն և դրանից հետո չդարձավ որևէ հանրային հայտարարության առարկա) աննկատ չանցավ. Ռուսաստանի նախագահը սովորություն չունի, հատկապես արտասահմանում, զրուցելու իրական վճիռ կայացնելու կարողություն չունեցող ղեկավարների հետ»,- եզրափակում է հոդվածը ֆրանսիական պարբերականը: