«Սոչի» է տեղափոխվել Հայաստանի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստը․Սելյուկ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Էրիկ Վարդանյան
Sport24-ը հայտնել է, որ  «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարիերան կշարունակի «Սոչիում»:

21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ՌՊԼ-ի ակումբի հետ ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից: Ըստ աղբյուրի՝ Վարդանյանի շահերը «Փյունիկից» «Սոչի» տեղափոխվելիս ներկայացրել է հայտնի ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը։

«Այսօրվա դրությամբ Վարդանյանը Հայաստանի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստն է։ Ես արդեն փորձ եմ ունեցել աշխատել երկու հայ ֆուտբոլիստների՝ Հենրիխ Մխիթարյանի ու Արաս Օզբիլիսի հետ։ Հիմա ես զբաղվում եմ Էրիկի գործերով, ով հանդես է գալիս կիսապաշտպանի դիրքում»,- ասել է Սելյուկը։

Նա նշել է, որ Էրիկը բազմաթիվ առաջարկներ ուներ․

«Բոլորը գիտեն նրա հանդեպ հետաքրքրության մասին, այդ թվում՝ «Լոկոմոտիվի» կողմից, ինչի մասին խոսել են ակումբի գլխավոր տնօրեն Վասիլի Կիկնաձեն և «Փյունիկը» գլխավորող Ալեքսանդր Տարխանովը։ Ի դեպ, Տարխանովը Վարդանյանի մասին պատմել է «Ուրալին», որը նույնպես հետաքրքրված էր ֆուտբոլիստով։ Առաջարկներ են եղել նաև Չեխիայից։ Սակայն լավագույն առաջարկն արել է «Սոչին», որը կոնկրետ էր և հստակ իր ցանկություններում։ Միանգամից ասեմ, որ «Սոչին» ավելի քիչ գումարով է ձեռք բերել Վարդանյանին, քան պատրաստ էր վճարել «Լոկոմոտիվը»:

«Այն ռուս երկրպագուների համար, ովքեր տեղյակ չեն, կցանկանայի հայտնել, որ Էրիկը 11-16 տարեկանում մարզվել է «Բարսելոնայի» ակադեմիայում։ Ընդ որում՝ ոչ թե ֆեյք Մոսկվայի ակադեմիայում, այլ հենց ակումբում»,- ասել է գործակալը։

 Ֆուտբոլիստն, ըստ գործակալի, որ 5 տարի անցկացրել է «Բարսելոնայում» առնվազն շատ լավ է կարողանում ֆուտբոլ խաղալ։