Եթե հարկատուներին հարցնեինք, մեր հիմնը «Անապատի արևը» կլիներ․ Ռուբեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Հասարակություն

Հարցադրումը, թե արվեստը կարո՞ղ է բացարձակ ազատ լինել, գրեթե նույն միտքն է, որ ասենք՝ պե՞տք է արդյոք մարդու միտքն ազատ թողնել։ Այս մասին ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադառնալով մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակում» բեմադրված և մեծ աղմուկ հանած «Հուզանք ու Զանգ» ներկայացմանը, որը հասարակության մեծամասնության կողմից բացասաբար է ընդունվել։

Ըստ նրա՝ ուզենք, թե չուզենք, այդ ազատությունը կա, և, եթե հրապարակային էլ չկա, ապա կա մեկուսի, կա միմյանց հետ զրուցելիս կամ արվեստանոցում։ Ազգագրագետն ավելացնում է՝ քննարկման խնդիրն այն է, որ եղած ազատությանը պետությունը չի խառնվում, քանի դեռ այն հանրային չէ, բայց հենց դուրս է գալիս հրապարակ, պետությունը խառնվում է։

«Եթե իշխանությունն ինչ-որ բաներ պետական միջոցներից ֆինանսավորում է, դրանով կարծես տալիս է հավանություն այդ ուղղություններին։ Իսկ ինչ վերաբերում է հանրության կողմից հավանություն չարժանանալուն, ապա նշեմ՝ հանրային հրապարակը հասարակության բոլոր անդամների համար է, և պարտադիր չէ, որ այդտեղ տեղի ունեցողը բոլորին հավասարաչափ դուր գա»,- հավելում է ազգագրագետը։

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նույնպես վատ չի վերաբերվում տեղի ունեցածին, ավելին՝ անգամ նախանձով է նայում ու մանրամասնում․ «Մոտ 30 տարի է՝ ներկայացումներ են լինում, ու ոչ մի ներկայացում այդքան ուշադրության չի արժանացել, որքան կայարանամերձ հրապարակում տեղի ունեցածը։ Բնական է, որ մինչև ֆինանասավորումը նախարարությունից ոչ ոք չէր տեսել ներկայացումը, ֆինանսավորում են, որպեսզի տեսնեն։ Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացմանը տրամադրված 2․7 մլն դրամ դրամին, ապա, եթե հարկատուներին հարցնենք, թե ձեր փողն ինչի վրա եք ուզում ծախսել, բացի ռաբիս երաժշտությունից, այլ բան չեն ասի։ Ուրիշ մշակույթ չենք ունենա, ու մեր հիմնը «Անապատի արևը» կլիներ։ Մշակույթի հարցերը չեն լուծվում մեծամասնությամբ։ Կրթական և մշակութային հարցերը պահանջում են նաև որոշակի բռնատիրական մեթոդներ»,- նշում է Բաբայանը։

Ոչ միայն Ռուբեն Բաբայանն է անդրադարձել տեղի ունեցածին, այլ նաև ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը։ Նա նոյեմբերի 5-ին գրությամբ դիմել է ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին՝ առաջարկելով «Թավշյա հեղափոխականների ներխուժումը համալսարան» խորագրով պերֆորմանս կազմակերպել։
Մինչև համալսարանի ղեկավարությունը մտածում է «թավշյա հեղափոխության» մասին պերֆորմանս բեմադրելու մասին, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողները վաղը՝ նոյեմբերի 6-ին, պատրաստվում են դասադուլ անել։ Նրանք բողոքում են հենց «թավշյա հեղափոխությունից» հետո տարվող կրթական քաղաքականության ու  բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու նախագծի դեմ։

Սևակ Վարդումյան

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news