«Ծանր խնդրի առաջ ենք կանգնած». Գագիկ Խաչատրյանի պաշտպանը՝ նրա առողջական վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

.

«Արդեն 6 ամիս է՝ Գագիկ Խաչատրյանը կալանքի տակ է, նախաքննական մարմինը միշտ նույն հիմնավորումն է տալիս, թե Գագիկ Խաչատրյանը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել քննությունից, կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Բայց դրա համար չկան բավարար ապացույցեր, այլ կա հակառակը, որ Գագիկ Խաչատրյանը, ազատության մեջ լինելով, մշտապես ավելի պատշաճ վարքագիծ է դրսեւորել»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

Պաշտպանը նշեց, որ ՊԵԿ նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կողմից պետությանը հասցված ենթադրյալ վնասի չափը հասնում է մի քանի միլիարդ դրամի։

«Խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ մի քանի խնդիր են ներկայացրել: Առաջին խնդիրն այն է, որ պետական իրավասու մարմինների կողմից խախտվում է անձի Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքը.Խոսքը վատ վերաբերմունքի մասին է, ինչը պետությունը որեւէ մեկի նկատմամբ դրսեւորելու իրավունք չունի:Հաջորդ խնդիրը, որը ներկայացրել ենք, այն է, որ առաջադրված մեղադրանքները հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել, այսինքն՝ ներկայացված ապացույցները չեն հիմնավորում, թե առկա է ներկայացված հանցագործության հիմնավոր կասկածը։ Երրորդ հարցով խնդիր էինք բաձրացրել կալանավորման հիմքերի բացակայության մասով։ »։

Երեմ Սարգսյանն ասաց, որ միջնորդել են,որպեսզի գրավ կիրառեն:

Պաշտպանը  հայտնեց, որ Գագիկ Խաչատրյանի մեղադրանքը մի քանի դրվագով ավելացվել է.

«Ծանր խնդրի առաջ ենք կանգնած: Իմանալով նրա առողջական ծանր վիճակի մասին՝ արտերկրում բնակվող հարազատները եւ ընկերները պատրաստակամություն են հայտնել այդ ենթադրյալ վնասի գումարի չափը փոխանցել դատարանի դեպոզիտ հաշվին»։

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:

Այն կհրապարակվի փետրվարի 6-ին՝ ժ. 11:00-ին:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին։