Հայ գիտնականը բոլոր ժամանակներում ներդրում է ունեցել համաշխարհային տեխնոզարգացման գործում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

արշակյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության հարցերով պետական նախարարի հրավերով Աբու Դաբիում փետրվարի 22-ին մասնակցել է «UMEX/SimTEX 2020» հեղինակավոր ցուցահանդես-համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կայքէջից։ Միջոցառումն անցկացվում է Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի և Աբու Դաբիի թագաժառանգի հովանու ներքո:

Նախարար Արշակյանը, որպես համաժողովի հիմնական բանախոս, հանդես է եկել ելույթով:

Ողջունելով  ներկաներին՝ նախարարն անդրադարձել է Հայաստանում բարձր տեխնոարդյունաբերության ոլորտի առաջընթացին ուղղված  ՀՀ կառավարության քաղաքականությանը։ Նա  նշել, որ ի դեմս Բարձր տեխնոարդյունաբերության նախարարության՝ ՀՀ կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը հայտարարել   է տնտեսության զարգացմանն գերակա ճյուղերից մեկը։ Նախարարի խոսքով՝ մշակված է ոլորտի զարգացման ռազմավարությունը, այն արդեն ներդրվել է, գործում  է և նոր թափ է հավաքում։

Նախարարը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է հայկական տեխնոլոգիական ներուժը։ Նա նշել է, որ դեռևս ԽՍՀՄ տարիներին տեխնոլոգիական աշխարհում  Հայաստանը համարվել է Խորհրդային միության «Սիլիկոնյան հովիտ»-ը։ Հայ գիտնականները բոլոր ժամանակներում  իրենց ներդումն են ունեցել համաշխարհային տեխնոլոգիաների զարգացման գործընթացներում. գունավոր հեռուստատեսության գյուտից մինչև ավտոմեքենաների ավտոմատ համակարգեր,  բանկոմատներից մինչև համակարգչային տամոգրաֆ, դոլարի գույնից մինչև առաջին հաշվիչ մեքենաներ։ Հայ մասնագետների հեղինակած բազմաթիվ այլ գիտական նվաճումների շնորհիվ էականորեն բարելավվել է մարդկանց կենցաղն ու ապրելակերպը, առաջընթաց ապահովել առողջապահության, գյուղատնտեսության, տիեզերագնացության, տրանսպորտի, ռազմաարդյունաբերության, տնտեսության շատ այլ բնագավառներում։

Նախարարն անդրադարձել է նաև բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի ներկա զարգացումներին և ապագայի հեռանկարներին։ Նա նշել  է, որ Հայաստանը մեծ ներուժ ու հնարավորություններ ունի այս ոլորտում, ընդգծել է, որ մեր երկրում բարձր է արժևորվում մարդկային տաղանդը:  Կառավարությունը հարկային արտոնություն է տրամադրել նորաստեղծ ստարտափներին՝ հնարավորություն տալով նրանց զարգանալու, կյանքի կոչելու իրենց գաղափարները։ Նախարարը խոսել է նաև Հայաստանը՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու նպատակին ուղղված աշխատանքների մասին, ներկայացրել է «Վիրտուալ կամուրջ»  ծրագրի առանձնահատկությունները, նշել, որ ծրագրի շրջանակներում խոստումնալից  ստարտափները հնարավորություն կստանան սովորելու աշխարհի առաջատար  տեխնոլոգիական կենտրոններում: Նրանցից 45-ն այս տարի  Սիլիկոնյան հովտում, ունենալով լիարժեք պետական կրթաթոշակ, կմասնակցեն Դրեյփերի համալսարանի ձեռնարկատիրական դասընթացներին։ Նախարարը,  կարևորելով կրթության դերն և նշանակությունը մեր երկրի համար, ներկայացրել է «Արմաթ»-ի, «Ազգային ինժեներական լաբորատորիաներ»-ի, «Ինժեներական քաղաք»-ի, «Թումո»-յի գործունեությունը։

աբուդաբիհայաստան

Իր ելույթում Արշակյանն անդրադարձել է նաև անցած տարի մեր երկրում տեղի ունեցած  համաշխարհային նշանակություն ունեցող տեխնոլոգիական  միջոցառումներին՝  ՏՏ համաշխարհային համաժողովը, « Summit of Minds», «Global IT Award», «Digitec EXPO» ցուցահանդեսը,  «ArmHiTech EXPO»-ն, «Ինժեներական շաբաթը»,« Silicon Mountains» համաժողովը, նշել, որ մեծամասշտաբ տեխնոլոգիական միջոցառումները մեզ կուղեկցեն նաև առաջիկայում։

Նախարարը խոսել է նաև պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման մասին, ընդգծել, որ ժամանակակից աշխարհում պայքարը տեխնոլոգիաների միջև է։ Արհեստական բանականությունը, կիբերանվտանգությունը, ավտոմատացված կառավարումը, այլ առաջադեմ տեխնոլոգիաները  վճռորոշ դերակատարություն ունեն պատշպանական արդյունաբերության մեջ։ Նրա խոսքով՝ նախարարության կազմում միավորելով բարձր տեխնոլոգիաները, թվայնացումն ու ռազմարդյունաբերությունը,  մենք վստահ ենք, որ այս երեք ուղղությունները պետք է զարգանան միասնաբար, իսկ լավ կրթությունը, զարգացած ենթակառուցվածքներն ու էկոհամակարգը բոլոր բնագավառներում տնտեսական հեղափոխության կհանգեցնեն։

Արշակյանն իր ելույթն ավարտել է համաժողովի մասնակիցներին հրավիրելով համագործակցության՝ միանալու խաղաղության և պաշտպանության համար առավել կատարյալ տեխնոլոգիաներ ստեղծելու մեր ջանքերին։

«UMEX/SimTEX 2020» համաժողովի ընթացքում ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին շնորհվել է մրցանակ:

Նախարարի ելույթին հաջորդել են պանելային քննարկումներ:

Նշենք, որ «UMEX/SimTEX 2020»-ը բաղկացած է համաժողովից, ցուցահանդեսից և ցուցադրություններից։  «UMEX/SimTEX 2020»-ի նպատակն է ստեղծել հարթակ՝ քննարկելու ոլորտի վերջին զարգացումները, միտումները և նորարարական լուծումները: Միջոցառումն ընդգրկում է նաև մոդելավորման և թրեյնինգների (Simulation & Training - SIMTEX) հատված, որը միտված է՝ նպաստելու համագործակցության խորացմանը զինված ուժերի, արդյունաբերության, գիտական և պետական-կառավարական գործակալությունների միջև:

Համաժողովն այս տարի նվիրված է պաշտպանական տեխնոլոգիաներին, ռոբոտացված և անօդաչու համակարգերին, դրանց ներուժի առավելագույն օգտագործմանը հաջորդ տասնամյակի ընթացքում: Այն կենտրոնանում է թվայնացվող աշխարհում անվտանգության և խելացի համակարգերի ավելի լայնամասշտաբ կիրառմանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս