Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցի աշխատակիցները կալանավորվել են, կայքն էլ՝ արգելափակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

լրագրողներ

Լիբիայում սպանված Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (ԱՀԾ) աշխատակցի հուղարկավորության մասին լրատվանյութի հրապարակումը «թանկ է արժեցել» թուրքական «OdaTV» ընդդիմադիր լրատվական կայքի համար:

Նշվում է, լուրի հրապարակումից հետո ձերբակալված կայքի լրատվական տնօրեն Բարըշ Թերքօղլուի ու նշյալ լուրը կազմած լրագրող Հուլյա Քըլընչի, նկատմամբ կալանավորման որոշում է ընդունվել: Նրանց մեղադրանք է առաջադրվել «հետախուզական գործողությունների վերաբերյալ լուրեր և փաստաթղթեր հրապարակելու» կապակցությամբ:  

Որպես հետաքննության հիմք նշվել է, որ լուրի մեջ տեղեկություններ են պարունակել Թուրքիայի ԱՀԾ-ի սպանված աշխատակցի ծառայության տեղի, կոչման և այլ տվյալների մասին, ինչպես նաև հրապարակվել է նրա լուսանկարը:

Իրավապահ համակարգի գործողություններին հակադարձել է կայքի լուրերի տնօրենը՝ ասելով, որ այսպես թե այնպես չէր կարող գաղտնի մնալ Թուրքիայի մեծ քաղաքներից մեկում տեղի ունեցած հրապարակային հուղարկավորությունը, որին մասնակցել են քաղաքապետարանի աշխատակիցներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ ու բազմաթիվ քաղաքացիներ:

Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ու հաղորդակցության խորհրդի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է կայքի հասանելիությունը: