Լարված իրավիճակ՝ Մարալիկի ծննդատանը․ բողոքում էին մարզի գյուղերի հղի կանայք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

մարալիկ.

Մարտի 9-ին կրկին լարված իրավիճակ է եղել Շիրակի մարզում։ Մարալիկի ծննդատանն էին հավաքվել մարզի Սառնաղբյուր, Ձիթհան, Քարաբերդ, Անիպեմզա և այլ գյուղերի բնակիչները՝ հղի կանայք, նրանց ամուսիններն ու հարազատները, որոնք պահանջում էին, որ առողջապահության նախարարությունը թույլատրի Մարալիկի ծննդատանը ծննդօգնություն կազմակերպել։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Այս վիճակում ինչպե՞ս կարող ենք հասնել Գյումրի կամ Արթիկ, որպեսզի մեր երեխաները Գյումրիի ծննդատանը ծնվեն։ Ի՞նչ է նպատակը, որ ուզում են մեզ ուղարկել Գյումրու ծննդատուն, երբ Մարալիկի ծննդատունը շատ լավ բուժսպասարկում է իրականացնում»,-ասել է ցուցարար կանանցից մեկը։

Ծննդատան աշխատակիցներն էլ նշել էին, որ ծննդատանը մինչ օրս ոչ մի ծննդաբերութուն վատ ավարտ չի ունեցել, բոլոր աշխատակիցները՝ սկսած բժիշկներից մինչև այլ բուժաշխատողներ, պատշաճ են կատարում իրենց պարտականությունները։

Մարալիկի ծննդատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանն իր հերթին տեղեկացրել է, որ ծննդատունն այլևս սարքավորումների խնդիր չունի։

Բուժաշխատողներից մեկն էլ ասել է, որ այս պահին կոնսուլտացիայի է հերթագրված 75 հղի, որոնք մարզի տարբեր բնակավայրերում են ապրում, երկար ճանապարհ անցնեն հասնելու համար Գյումրի, մինչդեռ նույն ծննդօգնությունը երկար տարիներ ցուցաբերվել է Մարալիկում։