Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Հրաչ Գալստյանը կդառնար 29 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

արցախհերոս

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է: Հրաչ Գալստյանը ծնվել է 1991 թվականին՝ Գյումրի քաղաքում: 1997-2007 թթ. սովորել է Գյումրու №42 միջնակարգ դպրոցում։ 2007-2011 թթ. սովորել է ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Համալսարանն ավարտելուց հետո՝ նույն թվականին, լեյտենանտի կոչումով նշանակվել է դասակի հրամանատար ՊԲ N զորամասում։ 2012 թ. Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի առթիվ պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով։ 2013 թ. ստացել է ավագ լեյտենանտի կոչում։ 2014-2015 թթ. զբաղեցրել է վաշտի հրամանատարի պաշտոնը։ 2015 թ.-ից զբաղեցրել է  դասակի հրամանատարի պաշտոնը։

2016 թվականի ապրիլին Հրաչ Գալստյանը մասնակցել է Թալիշի ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին: Զոհվել է ապրիլի 2-ի լույս ապրիլի 3-ի գիշերը՝ Թալիշում հակառակորդի հատուկ գրոհայինների հետ մարտնչելիս: Հրաչի զոհվելուց մեկ ամիս անց՝ մայիսի 6-ին, ծնվել է նրա առաջնեկը՝ Անահիտ Գալստյանը:

Երիտասարդ ավագ լեյտենանտի կինը նույնպես զինվորականի ընտանիքից էր, Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող՝ Մատաղիս գյուղից: 1988 թվականի երկրաշարժից հետո Գալստյանների ընտանիքը հայտնվել է ծանր, ողբերգական իրավիճակի մեջ: Հրաչի հայրը՝ Վարդանը կորցրել է ընտանիքը: Սակայն որոշ ժամանակ անց կարողացել է հաղթահարել դժվարությունները: Հրաչն ունի մեկ եղբայր: Եղբայրը նույնպես պայմանագրային զինծառայող է Թալիշում: 

Հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Արիություն» և ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով: