ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ:
Մասնավորապես, քննարկվել են սոցիալական առանձին խմբերի համար ստեղծված իրավիճակի մեղմման ուղղությամբ հետագա քայլերը, օժանդակության գործիքները և մեխանիզմները: Ամփոփվել են նախորդ քննարկման ժամանակ հնչած գաղափարները, ներկայացվել են կառավարության կողմից երեկ ընդունված սոցիալական աջակցության փաթեթի շահառուների շրջանակի ընդլայնմանը միտված մի շարք առաջարկություններ:
Վարչապետն անդրադարձել է այսօր քաղաքացիների հետ իր ունեցած հեռախոսազրույցի ընթացքում շոշափված հարցերին և արձանագրել, որ հիմա հրատապ աջակցության կարիք ունեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները, որոնք էլ պետք է լինեն առաջնահերթ թիրախը:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել միջգերատեսչական աշխատանքը գեներացված գաղափարների լրամշակման ուղղությամբ և դրանց հիման վրա կիրակի օրը քննարկման ներկայացնել սոցիալական աջակցության միջոցառումների փաթեթի ընդլայնման, հասարակության առանձին շերտերին օժանդակության տրամադրման նախագիծ:
Խորհրդակցությանը քննարկվել են նաև կառավարության կողմից երեկ հաստատված տնտեսական և գյուղատնտեսական աջակցության ծրագրերի իրականացման կարգին վերաբերող հարցեր: