Կադրերի արտահոսքի համար պատասխանատու են Հանրային ՀԸ-ն ու վարչապետի մամուլի ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

մելքումյան.

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ կարծիք է հայտնել, որ վարչապետի ուղիղ եթերից առաջ կադրերի արտահոսքի համար պատասխանատու են Հանրային հեռուստաընկերությունն ու վարչապետի մամուլի ծառայությունը։

«Այդ հարցը պետք է ուղղել համապատասխան մարմիններին՝ նախ Հանրային հեռուստաընկերությանը, և իր մամուլի ծառայությանը, թե ոնց է պատահել, որ այն հետհաշվարկը, որը պետք է լիներ իր լուսանկարի ռեժիմով, մի քանի վայրկյան առաջ բացվել է։ Ինչպե՞ս է ստացվել, որ ինքն իրեն այս 15 կամ 20 րոպեն եղել է։ Բայց ոչ էլ կարծում եմ, որ դրանից պիտի մեծ մի բան սարքենք», - ասել է Մելքումյանը և հավելել, որ սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ պետական կառավարման համակարգում կա կառավարման որակի խնդիր։

Հիշեցնենք՝ ապրիլի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի նախապատրաստման կադրերի օգտագործմամբ տեսահոլովակ էր պատրաստվել և տարածվել:

Ըստ Հանրային հեռուստաընկերության՝ տեսանյութի արտահոսք չի եղել։ Կառավարության հորդորով Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են «Շանթ», «Արմենիա ԹիՎի», «Միր», «Հ2», «ԱՐ», «Կենտրոն», «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք» հեռուստաընկերությունները:

Ի պատասխան՝ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, որ պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է՝ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից վայրկյաններ առաջ, ոչ թե 15-20 րոպե: