ՊԵԿ-ը քննարկման է դրել բանկային գաղտնիքն առանց դատարանի հարկային մարմնին տալու նախագիծ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

բանկ

ՊԵԿ-ը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, առանց դատարանի որոշման, պետք է տրամադրի հարկային մարմիններին հարկային հսկողության շրջանակում օգտագործելու համար։ Այդ մասին տեղեկանում ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական պաշտոնական կայքէջից։

«Նախագծի մշակումը նպատակ է հետապնդում օրենսդրորեն ամրագրել հարկային մարմնի կողմից բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները ստանալ և օգտագործել հարկային մարմնի իրավասության շրջանակներում իրականացվող հարկային հսկողության նպատակներին համապատասխան»,-նշված է հայտարարության մեջ:

Նշենք, որ «Բանկային գաղտնիքի մասին» գործող օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները,  տրամադրում է ՀՀ հարկային մարմիններին միայն դատարանի` ՀՀ քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա, ինչպես նաև իր հաճախորդի բանկային հաշվի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի կամ դատավճռի հիման վրա:

Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ բանկը պարտավոր է մերժել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը, եթե պահանջը չի համապատասխանում նույն օրենքի դրույթներին:

Կայքէջում ներկայացված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ՀՀ հարկային մարմիններին կարող են տրամադրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային մարմինը նույնպես հանդիսանում է գաղտնիք տնօրինող պետական մարմին, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմինը պահպանում է ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդպիսի տեղեկությունները հարկային մարմինը օգտագործում է հարկային հսկողության սահմաններում և շրջանակներում, ինչպես նաև իր առջեւ դրված խնդիրներին ու նպատակներին համապատասխան: