35 մարզական ֆեդերացիաներին թույլատրվում է վերսկսել հավաքական թիմերի մարզումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

մարզումներ

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշմամբ՝ արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում նոր փոփոխություններ են կատարվել.

Մայիսի 4-ից մասնակի գործունեություն է թույլատրվում նաև սպորտային բնագավառում, մասնավորապես՝ սպորտային օբյեկտների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային միջոցառումների անցկացման համար, սպորտային ակումբների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ ակումբների մասով։

Հիմք ընդունելով վերոնշյալ որոշումը՝ պետական աջակցության ծրագրում ընդգրկված 35 մարզական ֆեդերացիաներին թույլատրվում է մայիս 4-ից վերսկսել մարզաձևերի տարբեր տարիքային խմբերի (մեծահասակ, երիտասարդ և պատանի) հավաքական թիմերի մարզումները և ուսումնամարզական հավաքները՝ պահպանելով պարետատան և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումները: