«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի գործը մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News     

Էրեբունի պլազա

2020թ. հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» բազմաֆունկցիոնալ բիզնես-կենտրոն ներխուժած և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչրյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ հանդիպում պահանջած անձի՝ Արթուր Թորոսյանի գործն ուղարկվել է Երևան քաղաքի դատարան: Դատական գործը մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին:  

Համաձայն դատական համակրգում առկա տեղեկատվության՝ քրեական գործը դատարան մուտք է եղել մայիսի 4-ին և նույն օրը մակագրվել։Հիշեցնենք, որ հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ են հնչել։ Ինքնաձիգով զինված անձը մուտք է գործել առաջին հարկ, արձակել կրակոցներ, հետաքրքրվել, թե որտեղ է գտնվում երկրորդ նախագահի գրասենյակը։ Առաջին հարկում գտնվողներն, ըստ էության պատանդի կարգավիճակում էին հայտնվել։

Բանակցությունների արդյունքում նա վայր էր դրել զենքն ու հանձնվել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում 1987թ. ծնված Արթուր Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 185-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու և 218-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պատանդ վերցնելու համար, ինչպես նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով հրազեն իրացնելու, պահելու համար ու կալանավորվել։ Միաժամանակ նրա նկատմամբ նշանակվել էր ստացիոնար դատահոգեբանական, դատահոգեբուժական փորձաքննություն, որի արդյունքում նա անմեղսունակ էր ճանաչվել։

Քրեական գործը դատարան է ուղարկվել՝ նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու եզրակացությամբ: