Մենք մենակ չենք թողնի Ռաքել Դինքին և հիմնադրամի ընկերներին․ Թուրքիայի նախկին փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News       

Թուրքիա

Թուրքիայի նախկին փոխվարչապետ, «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցության նախագահ Ալի Բաբաջանը արձագանքել է Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի և Հրանտ Դինքի անվան հիմնադրամի իրավաբանին ուղարկված սպանության սպառնալիքով նամակին։ Այս մասին գրում է Ermenihaber

Այս մասին Բաբաջանը գրառում է արել  Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում։ 

Հրանտ Դինքի հիմնադրամին ուղղված սպառնալիքները խտրականությունը խրախուսող քաղաքական մթնոլորտի պտուղներն են։ Պաշտպանելու ենք բոլոր շրջանակներին խտրականությունից և ռասիզմից։ Մենք մենակ չենք թողնի Ռաքել Դինքին և հիմնադրամի ընկերներին։ 

Նշենք, որ Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ անհայտ անձը կամ անձինք մայիսի 27-28-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին սպառնալից նամակ են ուղարկել, որում տեղ են գտել պնդումներ, թե Հրանտ Դինք հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ» է պատմում։ Նամակի հեղինակները սպառնացել էին սպանել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբանին։

Մահով սպառնացած Հ․ Ա․ անունով Թուրքիայի քաղաքացին կալանավորվել է։ Նրան սպառնում է 3-7․5 տարի ազատազրկում։