Պարետի որոշումներում չկա անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը սահմանող կարգավորում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News 

Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելքիյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետի՝ վաղվանից անձը հաստատող փաստաթուղթ պահելու պարտադիր պահանջին և հարցադրում կատարել, թե նման պահանջը, որ իրավական ակտով է սահմանվել։ Ռուբեն Մելիքյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

 «Կառավարությունը հայտարարել է, որ վաղվանից անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը դառնում է պարտադիր։

Այդ կապակցությամբ՝ մի քանի նկատառում.

1) Ի՞նչ իրավական ակտով է դա սահմանվել։ Կառավարության նիստ չի եղել, իսկ պարետի որոշումներում էլ նման բովանդակությամբ կարգավորում այսօր չի սահմանվել (ու ի դեպ, չի էլ կարող սահմանվել)։

2) Ի՞նչ պատճառով են ուզում սահմանել այս արգելքը։ Վերջին օրերին հարյուրավոր քաղաքացիների են ենթարկել վարչական ձերբակալման, ու նրանցից շատերը ոչ միայն չեն ունենում անձը հաստատող փաստաթղթեր, այլև հրաժարվում են ներկայանալ՝ զրկելով ոստիկանությանը իրենց վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունից։

3) Ինչու՞ այս արգելքը առանձնապես չի աշխատի։ Որովհետև եթե անձը չունենա անձը հաստատող փաստաթուղթ և շարունակի չներկայանալ, ապա ինչպե՞ս են նրան տուգանելու անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար, եթե դրա համար անհրաժեշտ է կա՛մ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, կա՛մ առնվազն ներկայանալ։ 3 ժամը որ լրանա՝ մեկ է՝ պետք է բաց թողնեն։

Կարճ ասած՝ խիստ «իմքայլական» արգելք է»։

--0-- ԱՀ