«Արաբկիր» ԲԿ-ում COVID-19-ով 5 երեխա է բուժվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News  

Արաբկիր ԲԿ

COVID-վարակված առաջին երեխան «Արաբկիր» բժշկական համալիր է ընդունվել մարտի 31-ին: Դրանից հետո անցած երեք ամիսների ընթացքում «Արաբկիր» է դիմել տարբեր ախտանշաններով 4527 երեխա, որոնցից 3725-ը բժշկական խորհրդատվություն և ծառայություններ է ստացել ամբուլատոր պայմաններում, իսկ 802-ը` ստացիոնար:

Համաձայն ԱՆ կանոնակարգի` անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցեղ COVID- կասկածելի ախտանշաններով 621 երեխա հոսպիտալացվել է ժամանակավոր մեկուսացման բաժանմունքնում, իսկ 181 երեխա` միջին եւ ծանր կլինիկական ընթացքով` թոքաբանական իզոլացված-COVID բաժանմունքում:

COVID- բաժանմունքում բուժված 38 օրականից մինչեւ 18 տարեկան երեխաների մի մասն ունեցել է վիճակը ծանրացնող զուգակցված խնդիրներ, մասնավորապես, օնկոլոգիական եւ օնկոհեմատոլոգիական հիվանդություններ (քիմիաթերապիա ստացած 4 երեխա), Էպիլեպսիա եւ այլ նյարդաբանական խնդիրներ, գենետիկ հիվանդություններ, սրտի բնածին արատ, վիտամին B12-ի դեֆիցիտ, երիկամային անբավարարություն, աղեստամոքսային համակարգի խնդիրներ:

Երեխաներից մեկը եղել է վերին շնչուղիների բնածին ստենոզով, տրախեոստոմայով: Մեկ երեխա Մոսկվայում լյարդի փոխպատվաստման էր ենթարկվել, ուներ թոքաբորբ եւ նրա ամբողջ ընտանիքը վարակակիր էր:

Այս ընթացքում «Արաբկիր» ԲՀ-ում ախտորոշվել եւ բուժվել է Կավասակի եւ կավասակիանման հիվանդությամբ 8 երեխա, որոնցից 5-ի մոտ բազմահամակարգային բորբոքային համախտանիշը ասոցացված է եղել COVID- վարակի հետ: 8 երեխայից 7-ը ստացել է ներերակային իմունոգլոբուլին, իսկ 1-ի մոտ դիտվել է ինքնալավացում եւ նա իմունոգլոբուլին չի ստացել:

Եղել են նաեւ զուգակցված վարակներով դեպքեր`սալմոնելյոզ, կլոստրիդիոզ, շիգելյոզ, ռոտավիրուս, գրիպ B եւ Էբշտեյն-Բարր վիրուսային վարակ:

Ուրախությամբ արձանագրում ենք, որ բոլոր երեխաները «Արաբկիր» ԲՀ-ից դուրս են գրվել առողջացումով:

Նշենք, որ «Արաբկիր» ԲՀ-ն այս ընթացքում մեծ գործունեություն է ծավալել նաեւ Երեւանի 2 մանկատներում` «Մարի Իզմիրլյանի անվան» եւ Նորքի «Մանկան տուն», եւ ի պատիվ բուժաշխատողների ու մանկատների անձնակազմերի, այսօր քաղում ենք նաեւ այդ համագործակցության պտուղները` ասելով, որ մանկատների բոլոր երեխաները նույնպես ապաքինվել են:    --0—ՄՀ