«Հրազդան» ԲԿ-ի տնօրենը առողջական խնդրի պատճառով ժամանակավոր անաշխատունակ է. պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

Կոտայքի մարզպետարանը պարզաբանում է տարածել Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և «Հրազդան» ԲԿ-ի հարաբերությունների վերաբերյալ:

«Այսօր առավոտյան Hraparak.am լրատվական կայքում տեղադրվել է «Ռոմանոս Պետրոսյանի և ԲԿ տնօրենի կոնֆլիկտը չի հարթվում» վերտառությամբ հոդված, որում առկա է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, ինչի առնչությամբ Կոտայքի մարզպետարանը հարկ է համարում պարզաբանել հետևյալը.

Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Հախվերդյանը 2020 թվականի հունիսի 26-ից ոչ թե գտնվում է արձակուրդում, այլ, համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, առողջական խնդրի պատճառով գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ և նրա աշխատանքի չներկայանալը պայմանավորված է հենց այդ հանգամանքով:

Միաժամանակ, հայտնում ենք, որ Կոտայքի մարզպետարանը իր ենթակայության հաստատությունների հետ հարաբերությունները չի պայմանավորում անձերով:

Ըստ այդմ՝ ԶԼՄ մեր գործընկերներին հորդորում ենք չտարածել իրականության հետ որևէ աղերս չունեցող, չճշտված տեղեկատվություն և զերծ մնալ անհարկի շահարկումներից»:

Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ «Հրազդան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Հախվերդյանը հունիսի 26-ից աշխատանքի չի ներկայանում։ Պատճառը Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ կոնֆլիկտն է։ Պետրոսյանն ինքն էր Հախվերդյանին նշանակել այս պաշտոնում, սակայն հետո լարվել են հարաբերությունները, և նախկին մարզպետը ԲԿ-ի տնօրենին ուղարկել է արձակուրդ, որպեսզի այլևս արձակուրդից չվերադառնա։

Ըստ տեղեկության, ասել է՝ ես եմ քեզ բերել, ես էլ քեզ կհեռացնեմ, համարյա ինչպես Տարաս Բուլբան է դավաճան որդուն ասել․ «Ես եմ քեզ ծնել, ես էլ քեզ կսպանեմ»։

--00—ԼՄ