Դպրոցներում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պատասխանատուն ղեկավարներն են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

դպրոց

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես կարանտինի շրջանում սահմանված անվտանգության պարտադիր կանոնների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, իրազեկում է՝

ՀՀ ԱՆ 24-Ն հրամանով հաստատվել են ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) բոլոր ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները։

Հրամանով սահմանված է, որ դպրոցներում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ղեկավարը, ում կողմից և նշանակվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու։

Դպրոցական հաստատություններում, մասնավորապես, անհրաժեշտ է ապահովել՝

  • դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների, ձեռքերի լվացման միջոցներ,
  • ձեռքերի լվացման հնարավորություններ, հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներ (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ),
  • թափոնների հեռացման համար փակվող «օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններ,
  • հեռահար ջերմաչափ։

Անհրաժեշտ է կազմակերպել կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներ, մասնավորապես․

  • մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար,
  • սովորողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է՝ համաձայն ԱՆ 2020 թ․ սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, բացառությամբ. լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում,
  • առնվազն 14 օրվա ընթացքում աշխատողների, սովորողների ընդհանուր թվի 10 տոկոս և ավելի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակման դեպքում առաջարկ է ներկայացվում լիազոր մարմիններին՝ հաստատության «առկա» ուսուցման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ,
  • ժամանակավորապես չեն գործում երկարօրյա ծառայությունները, արտաուսումնական խմբակները, բացառությամբ մասնագիտացված և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև հեռավար եղանակով կազմակերպվող խմբակները:

Հրամանը սահմանում է նաև հաստատությունների ախտահանմանը, սովորողների սննդի կազմակերպմանը, սովորողներին տեղափոխող տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները։

--00--ԱԹ