Ինչը կդադարեցնի պատերազմը. «The Washington post»-ի սյունակագրի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28 24News    

պատերազմ

 

Լրագրող, նովելիստ, «The Washington post»-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսն անդրադարձել է Արցախյան պատերազմին՝ փորձելով հասկանալ, թե ինչը կդադարեցնի կողմերին ռազմական ճանապարհով խնդրի կարգավորումից: Նրա հոդվածի առանցքում են հրադադար հաստատելու Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերն ու երեք անգամ հրադադարի համաձայնության խախտումը: Իգնատիուսը նկատել է, որ ընդհանրապես հրադադարի հաստատման համար բանակցությունները դիվանագետների համար իսկական մղձավանջ են. հարձակվողները ցանկանում են ձեռք բերել առավելություն, պաշտպանվողները՝ չեն ուզում զենքի սպառնալիքով զիջումների գնալ: «Պատերազմողները չեն դադարում կռվել, քանի դեռ շարունակելու գինն ավելի բարձր չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է սյունակագիրն ու հռետորական հարցադրումներով մատնանշել ԱՄՆ հնարավոր քայլերը, որոնք կարող են բարձրացնել պատերազմելու գինը: «Միացյալ Նահանգները պետք է անհապաղ մտածի, թե ինչպես բարձրացնի երկրատև մարտերի գինը: Բաքվին իսրայելական զենքի վաճառքի դադարեցո՞ւմ: Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմաքաղաքական աջակցության ցուցաբերո՞ւմ:   Խաղաղության համաձայնությունը մերժելու համար Ադրբեջանին ու իր գործընկեր Թուրքիային ԱՄՆ-ի կողմից դատապարտող հայտարարությո՞ւն»,-գրել է նա:

Դեյվիդ Իգնատիուսը նկատել է, որ Լեռնային Ղարաբաղի համար կայուն երկարաժամկետ արդյունքը կարող է լինել ինքնավար կարգավիճակի ստացումը: «Բայց վերջնական կարգավիճակի վերաբերյալ ցանկացած հարց շատ հեռու է, քանի դեռ զենքերը կրակում են»,-գրել է նա:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ