320 վարձկան Ադրբեջանից հեռացել է Սիրիա՝ հրաժարվելով պարգևավճարներից

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

․

Արցախում՝ Իրանի հետ սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ սպանվել է «Համզա» դիվիզիայի ամենահայտնի, Թուրքիայի հետ կապեր ունեցող հրամանատարներից մեկը՝ Ադել Շահիրը: Միևնույն ժամանակ Սիրիայում ձերբակալվել են թուրքամետ գրոհայիններ, որոնք հարցաքննության ժամանակ մի շարք հետաքրքիր բացահայտումներ են արել: 

Ինչպես հայտնում է Infoteka24-ը, Ամին Իմադ Էս-Սայիդը հայտնել է, որ «Սուլթան Մուրադ» խմբավորման անդամ է, իսկ մինչ այդ թուրք հրահանգիչների հրամանատարության ներքո վերապատրաստում են անցել, ստացել են ամսական մոտ 350 լիրա (50$) աշխատավարձ: Արցախում պատերազմին մասնակցության մասին խոսելիս գրոհայինը նշել է, որ հավաքագրում են տարբեր խմբավորումներ և հազարներով վարձկանների Թուրքիայի միջոցով փոխադրում Ադրբեջան:

Էս-Սայիդը նաև հայտնել է, որ ՀՀ ԶՈւ հետ մարտերում խմբավորումները մեծ կորուստներ են կրել: Մարդու իրավունքների սիրիական դիտարանը շարունակում է հսկել թուրքական կառավարության կողմից Ադրբեջան վարձկանների տեղափոխելու գործընթացը: Այնտեղ տեղափոխվել է 300 զինյալներից բաղկացած նոր խումբ:

Մինչ այս պահը թուրք-ադրբեջանական կողմից պատերազմում ներգրավվել է առնվազն 2350 վարձկան, որոնցից 320-ը վերադարձել են՝ հրաժարվելով ամեն ինչից, այդ թվում՝ նյութական պարգևատրումներից: 

Հաղորդվում է նաև առնվազն 217 գրոհայինի մահվան մասին. նրանցից 138-ի դիակները տեղափոխվել են Սիրիա, իսկ մյուսների դիակները մնում են Արցախի անտառներում ու լեռներում:

Թուրքիան այժմ դժվարանում է նոր զինյալների հավաքագրել և ներգրավել Արցախի պատերազմին, քանի որ շատերը հրաժարվում են մասնակցել այդ ռազմական գործողություններին:

 

--00--ԱԹ