«Մենք քո վրեժը լուծելու ենք». մահացել է ՀՅԴ կամավորականը. ի՞նչ գրառում է արել մահից առաջ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 1, 24News

կիմ

Արցախում զոհվել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Կիմ Խաչատրյանը։ Միությունը հայտարարություն է տարածել:

«ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը սգում է ՀՅԴ կամավորական երրորդ վաշտի ազատամարտիկ, ուսանողական միության ընկեր Կիմ Խաչատրյանի մահը։ Նա հերոսաբար ընկավ հոկտեմբերի 31-ին Արցախի սահմանների պաշտպանության համար մղվող մարտերում։ Մեր ընկերը գնաց միանալու «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության իր ավագ սերնդի հերոսների երամին՝ Արամ Պողոսյանին, Գագիկ Գրիգորյանին, Գրիգոր Գրիգորյանին, Վահե Բաղդասարյանին, Մհեր Ջուլհաջյանին, Ներսես Բերբերյանի, Արթուր Ղարիբյանին, Համլետ Հայրյանին, Արթուր Կարապետյանին...

Կիմը փառքով և ոսկե տառերով գրեց իր անունը հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմության էջերում։ Նա մեր հետագա սերունդների համար կլինի փառքի ու նվիրումի լավագույն օրինակ։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Կիմի հարազատներին, ուսանողական միության ընկերներին և նրան ճանաչողներին։

Սիրելի՛ Կիմ, մենք քո գործը շարունակելու ենք, մենք քո վրեժը լուծելու ենք»,-նշվում է հայտարարությունում։

Հայկական բժշկական իստիտուտի 5-րդ կուրսի ուսանող Կիմ Խաչատրյանսահման էր մեկնել ՀՅԴ կամավորական վաշտերից մեկի կազմում։

Կիմը ծնվել է 1995 թ. մարտի 17 ին՝ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում, 2001-2012 թթ. սովորել և ավարտել է Արենիի միջնակարգ դպրոցը։ 2013-2015 թթ. ծառայել ՀՀ զինված ուժերում (Մեղրիում)։ Նպատակ ուներ ուսումն ավարտելուց հետո մասնագիտական գործունեությունը ծավալել հայրենի գյուղում, հիմնել ատամնաբուժարան։

Հոկտեմբերի 5-ին՝ ուսուցչի օրը, Կիմը հրապարակել էր ուսուցչի հետ իր լուսանկարը և գրել. «Ուսուցչի օրը… Իմ կյանքին սթափ նայելու ու հայրենիքի հանդեպ պարտքի զգացում սերմանած ուսուցիչ։ Քո դասերից է, որ հիմա ամաչում եմ քաղաքացիական հագուստով ման գալ»:

Ռազմաճակատ մեկնելու օրը Կիմը սոցցանցի իր էջում հրապարակել էր հետևյալ բանաստեղծությունը.

Բախտը մեկն է զինվորի`

Կա՛մ մահ, կա՛մ ազատություն։

Վառոդդ պահիր միշտ պատրաստ ու չոր,

Նշանահատիկդ միշտ ճշտված պահիր,

Որ գնդակն անցնի ճիշտ սրտի միջով,

Եվ նրան հանձնի անաչառ մահին:

Կռվի մեջ չկա գթության խնդիր,

Եվ ոչ էլ խղճի գերակայություն,

Խղճիդ հետ երբեք դաշինք մի կնքիր

Այլապես խիղճդ կդառնա քեզ թույն:

Թշնամուցդ ավելի եղիր անողոք,

Լուծիր հնացող ցավը վրեժի,

Թող քեզ չհուզեն կական ու բողոք,

Երբ քո խնդիրը մահն է հրեշի:

Թող որ թշնամիդ անիծի զարկդ,

Ոսոխիդ մայրը թող քեզ նզովի,

Բազուկդ սակայն կօրհնի քո ազգը,

Եվ քաջությունդ երգով կգովի:

--00—ԼՄ