Բելգիացի պատգամավորը լրագրողներ հետ այցելել է Արցախ և Հայաստան, հանդիպել 2 նախագահներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

նկար

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ից 30-ը Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Ժորժ Դալեմանը եւ մի խումբ բելգիացի լրագրողներ այցելել են Արցախի եւ Հայաստանի հանրապետություններ: Պատվիրակությանն ուղեկցել են ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը եւ Բելգիայի Հայ դատի հանձնախմբի նախկին ատենապետ Պետրոս Պետրոսյանը: Ժորժ Դալեմանն առաջին եվրոպացի պատգամավորներից է, որ այցելեց Արցախ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմից հետո:

Այցի ընթացքում բելգիացի պատգամավորը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում Ժորժ Դալեմանը նշել է. «Ես ինձ հետ Արցախ եմ բերել Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամների, ինչպես նաեւ բելգիացի բազմաթիվ գործընկերների աջակցությունն Արցախի ժողովրդին: Արցախը հերոսաբար պաշտպանվում է ադրբեջանական բանակից, որին աջակցում են վարձկաններ, ջիհադիստներ եւ Թուրքիայի Էրդողանի ռեժիմը: Վերջինները մեր երկու ժողովրդավար երկրների համար ընդհանուր թշնամիներ են: Եվրոպան պետք է ամեն ինչ անի հայերի դեմ ջարդերն ու ռազմական հանցագործությունները դադարեցնելու համար»:

Երեւանում պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան եւ Թուրքիայի ու միջազգային ահաբեկիչների ներգրավածությունը պատերազմում։

--00—ԼՄ