Ադրբեջանը ձգձգում է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության այցը Արցախ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  21,  24News 

ՅՈւՆԵՍԿՕ

ՅՈւՆԵՍԿՕ-ն՝ նոյեմբերի 20-ի մամուլի հաղորդագրության մեջ հիշեցրել է իր հավատարմությունը մշակութային արժեքների պաշտպանությանը՝ համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թ. Կոնվենցիայի»: Այս կոնվենցիային հավատարիմ են թե Հայաստանը, թե Ադրբեջանը: Այս մասին հայտնում է Infoteka24-ը:

«Այդ պատճառով Կազմակերպությունն առաջարկում է անցկացնել անկախ փորձագիտական առաքելություն տեղում՝ առավել կարևոր մշակութային արժեքների նախնական գույքագրում անցկացնելու համար՝ որպես տարածաշրջանի ժառանգության առավել արդյունավետ պաշտպանության նախապայման»,- ասված է ՅՈւՆԵՍԿՕ-ի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այս առաջարկը ստացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լիարժեք աջակցությունը, նաև ՀՀ ու Ադրբեջանի ներկայացուցիչների նախնական սկզբունքային համաձայնությունը:

Մշակութային ժառանգության պաշտպանության կոմիտեն կողմերից յուրաքանչյուրին կոչ է արել հավատարիմ մնալ առաքելության պայմաններին: 

«Դեռ ակնկալում ենք միայն Ադրբեջանի պատասխանը, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն կարողանա շարունակել աշխատանքը՝ առաքելություն գործուղելով: Ադրբեջանի իշխանություններին ուղղված բազմաթիվ դիմումներ այս փուլում հաջողությամբ չեն պսակվել: Մշակութային արժեքների վիճակի գնահատումը ամեն անցնող շաբաթվա հետ առավել խոցելի է դառնում, հատկապես՝ հաշվի առնելով եղանակային պայմանները, որոնք առաջիկա շաբաթներին կվատանան: Կրակի դադարեցման ռեժիմով բացված հնարավորությունների պատուհանը չպետք է փակվի: Ժառանգության պահպանումը պայմանների ստեղծման առանցքային գործոն է: Այդ պատճառով մենք ակնկալում ենք, որ Բաքուն անհապաղ կարձագանքի՝ կառուցողական քննարկումները վերսկսելու համար»,- հայտնել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն:

--00--ԱԹ