Մեր պետությունից ստիպված ենք տվյալներ խնդրել գերիների ու անհետ կորածների մասին. Մինասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News

Միքայել Մինասյան

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Այսօր, ինչպես և հարյուր տարի առաջ, մենք փորձում ենք իմանալ ճշմարտությունը, իմանալ իրական թվերն ու փաստերը: Այս մասին իր տելեգրամյան էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Ցեղասպանությանը հաջորդած մեկ դարի ընթացքում մենք փորձել ենք հասկանալ` իրականում քանի հայ է սպանվել, բռնաբարվել, մորթվել, խեղվել: Թուրքերը, թաքցնելով Ցեղասպանության զոհերի վերաբերյալ իրականությունը, ամեն կերպ խուսափում են պատասխանից, հղում անում պետական գաղտնիքին կամ լկտիաբար ստում:

30 տարի առաջ, արդեն մեր օրերում, Ադրբեջանի իշխանությունները ծրագրել և իրականացրել են Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի խաղաղ հայ բնակիչների զանգվածային ջարդեր:

Այդ դժբախտ իրադարձությունների առաջին իսկ ժամերից մինչ օրս ադրբեջանցի դահիճները պատմություն են կեղծում, որի նպատակը մեկն է` թաքցնել իրական տվյալներն ու թվերը, կոծկել հանցագործության ծավալները: Միայն հայերի մի փոքր հատվածն է պայքարում թշնամու` թուրք-ադրբեջանական լոբբիի մանիպուլյացիաների դեմ, պայքարում հանուն պատմական ճշմարտության, թվերի ճշգրտության և ճշմարտության իրավունքի համար

Ես երբեք չեմ ենթադրել, որ հայերը երբևէ ստիպված են լինելու պայքարել այդ սարսափելի թվերի հասանելիության համար սեփական պետության, համաժողովրդականորեն ընտրված իշխանության դեմ։ Սակայն դա տեղի ունեցավ։

Այսօր՝ 21-րդ դարում, մենք ստիպված ենք սեփական պետությունից տվյալներ խնդրել վերջին պատերազմի ընթացքում զոհվածների, վիրավորների, անհայտ կորածների և գերիների մասին։ Իսկ իշխանությունը լկտիաբար ու ցինիկորեն ստում է՝ թաքցնելով ճշմարտությունը և հղում անելով պետական գաղտնիքին։ Մեզ ոչ մահացածների, ոչ էլ ողջերի մասին որևէ հստակ տեղեկություն չեն հայտնում։ Իշխանությունը խուսափում է թվեր հնչեցնել՝ հասկանալով, որ պարտավոր է պատասխան տալ, թե ինչ է տեղի ունեցել (և տեղի է ունենում) այդ մարդկանց հետ և ինչ է արվում՝ նրանց տուն վերադարձնելու համար։

Փաստերի ու թվերի արհեստական խառնաշփոթը, զգացմունքների ու արժեքների շահարկումը ունեն մեկ նպատակ՝ փրկել մեղավորների կաշին։ Եվ դրա համար Նիկոլը պատրաստ է ամեն գնով ժողովրդից թաքցնել զոհերի թիվը, խաբել հերոսների հարազատներին ու ոտնահարել զոհերի գերեզմանները։

Հիշում եք, թե ինչպես էին մեզ ստում պատերազմի բոլոր 44 օրը։ Ստել են, որ լռեցնեն զգացմունքներն ու արդարացված վրդովմունքը, որպեսզի վախկոտ ու ստոր իշխանության հիմարությունից դժգոհելու առիթ չտան։ Ստել են սեփական ժողովրդին, որը «ընտրել է» այդ իշխանությունը, ստել են այնպես, ինչպես մեղք գործած լակեյը փորձում է խաբել տիրոջը՝ հույս ունենալով հետաձգել անխուսափելի պատիժը։ Հայ ժողովրդին ստել են այնպես լկտիաբար, այսրոպեական ու անամոթաբար, ինչպես նախկինում իրենց թույլ էին տալիս ստել միայն մեր թշնամիները՝ Թուրքիան ու Ադրբեջանը։

Պաշտոնապես հայտարարվում էր միայն 1300 զոհի մասին, երբ ես հնչեցրի անձամբ Նիկոլին զեկուցված զոհերի թիվը՝ 4750։ Այդ ժամանակ էլ իշխանությունը սկսեց հապշտապ հերքել իմ ասածը, թեև նույն օրը Առողջապահության նախարարությունը հայտարարեց 2317 փորձաքննության մասին, իսկ արդեն դեկտեմբերի 11-ին՝ 2996, իսկ հունվարի 4 - ին՝ 3360 զոհերի։ Եվ այդ թիվը անընդհատ աճում է։

Այսօր՝ 21-րդ դարում, Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունները որդեգրել են թուրքերի և ադրբեջանցիների մեթոդները՝ ստել հայ ժողովրդին, թաքցնել իրական փաստերն ու թվերը։ Իսկ մենք 100 տարի անց շարունակում ենք պայքարել հանուն ճշմարտության իրավունքի։ Այժմ արդեն սեփական իշխանության դեմ, որը ձեռք է բերել հայ ժողովրդի երդվյալ թշնամիների սովորությունները և դարձել է նրանց ստոր դաշնակիցը»,- գրել է նա։

--00--ԱԹ