Պատերազմի ընթացքում նույնիսկ մեկ վայրկյանով չեմ հանդիպել Աննա Հակոբյանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պնդում է, որ պատերազմի օրերին հրապարակել է բացառապես պաշտպանական գերատեսչությունից ստացած տեղեկություն, այլ տեղեկությունների չի տիրապետել։

Հարցին, թե լուրեր էին պտտվում, որ ինքը հրապարակում է տեղեկատվություն, որն իրեն թելադրում են, և հիշեցմանը, որ նաև նկար է հրապարակվել, որտեղ Արծրուն Հովհաննիսյանն ու Աննա Հակոբյանն են եղել, գուցե նա հրամաններ է տվել, Հովհաննիսյանը պատասխանեց.

«Բացառապես սուտ է, նման բան չի եղել, պատերազմի ընթացքում նույնիսկ մեկ վայրկյանով չեմ հանդիպել տիկին Աննա Հակոբյանին, նույնիսկ հեռվից չեմ տեսել, դա կեղծիք է։ Նկարը հրապարակողները դա շատ լավ գիտեն, ու ցավալի է, որ գիտեն ու մանիպուլացնում են։ Եթե իրենք ազնիվ են, թող հրապարակեն այդ նկարին նախորդող մի քանի րոպեները և հաջորդող մի քանի րոպեները և կտեսնեք, որ ստում են։ Նման բան չի եղել, ես ամբողջ պատերազմի ընթացքում տեղեկությունները բացառապես ստացել եմ պաշտպանական գերատեսչությունից, ուղիղ օպերատիվ հերթապահությունից, ծառայությունից, Պաշտպանության բանակից, Պաշտպանության նախարարից, և եթե ինչ-որ բան լրացնելու կարիք եմ ունեցել, ապա կանոնավոր զորքի հետ եմ շփվել, որի հետ ես կապ եմ ունեցել։ Ես այլ տեղեկությունների չեմ տիրապետել։ Ես որևէ քաղաքական քննարկման, բանակցությունների, որևէ նման տեղեկությություններ չեմ ունեցել մինչև վերջին օրը՝ նոյեմբերի 9-ի օրը։ Եվ երբ նոյեմբերի 8-ին ես Պետրոսի հյուրն էի, նույն ՊՆ-ից կար տեղեկություն, որ մենք Շուշին գրեթե մաքրում ենք, սպասում ենք 9-ի առավոտյան, որ մաքրած կլինենք, բայց 9-ին տեղի ունեցավ, ինչ տեղի ունեցավ»։

--00—ԼՄ