Գորիսում զինված հարձակման են ենթարկվել Սյունիքի մարզի ՍԱՏՄ-ի գլխավոր տեսուչի հարազատները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

սատմ

Ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 3-ին իրենց մոտ ստացված ահազանգի փաստով։ Նույն օրը՝ ժամը 17։20-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Ակներ գյուղում զինված հարձակում է տեղի ունեցել, գրում է shamshyan.com-ը:

Ոստիկանները Գորիսի ոստիկանություն են հրավիրել Ակներ գյուղի բնակիչ, 49-ամյա Արտեմ Մինասյանին. նա հայտնել է, որ ժամը 17։00-ի սահմանում հեռախոսազանգ է ստացել իր եղբորորդի Ալբերտ Մինասյանից, որն էլ հայտնել է, որ համագյուղացի, 51-ամյա Սեդրակ Սեդրակյանը նռնակով սպառնացել է, որ կպայթեցնի իրենց, և, լսելով այդ մասին, ինքը գնացել է եղբոր տուն, որպեսզի իմանա, թե ինչ նպատակով է Ս. Սեդրակյանը  փորձում դիմել նման քայլի, սակայն վերջինս այնտեղ գտնվողների հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, ապա դանակով հարձակվել իրենց վրա, սպառնացել, որ կսպանի, ապա դիմել է փախուստի, ինչից հետո ինքն այդ մասին տեղեկացրել է Գորիսի ոստիկաններին։

Որոշ ժամանակ անց Ս. Սեդրակյանը հայտնաբերվել է իր բնակարանում, որտեղ վերջինս ոստիկաններին է ներկայացրել ԱԿՄՍ տիպի ինքնաձիգ, 2 պահունակ, 32 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներով և խոհանոցային դանակ, որտեղից նա բերման է ենթարկվում ոստիկանություն։ Վերջինս հայտնել է, որ այդ ամենն ինքը ստացել է վերջին պատերազմական գործողությունների ժամանակ Գորիսի համայնքապետարանից։

Ըստ աղբյուրի՝ Ա. Մինասյանն աշխատում է ՀՀ կառավարության ենթակայության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզի կենտրոնի գլխավոր տեսուչ։ 

--00—ԼՄ