Ուրուգվայահայ համայնքը կամրջող դերակատարում ունի 2 երկրների հարաբերությունների գործում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

հասարակական

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոյի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ուրուգվայական համագործակցության օրակարգի շուրջ։

Երկուստեք գոհունակություն է հայտնվել փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ և վերահաստատվել է երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու ու հարստացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Այս համատեքստում ԱԳ նախարարներն առանձնահատուկ կարևորել են ուրուգվայահայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում։

Հայաստանի և Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցերի շուրջ։ Առանձնահատուկ ընդգծվել է հակամարտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

--0--ԿԿ