Արտահերթ ընտրությունների չեղարկումը, սոցիալական լրջագույն մոբիլիզացիան այլընտրանք չունեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

ԺՀԿ

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է գոյաբանական լրջագույն խնդրի առաջ, որին զուգահեռ օրեցօր հիմնովին քայքայվում և կազմաքանդվում են պետական և հասարակական բոլոր ինստիտուտները՝ նույնիսկ ամենակայացածները:

ՀՀ իշխանությունները, ունենալով ինքնության խորքային ճգնաժամ և լինելով անկարողունակ երաշխավորելու ՀՀ-ի նվազագույն անվտանգությունն ու հանրային շահը, փաստացի վերածվել են ազգային անվտանգության լրջագույն սպառնալիքի:

Այլևս փաստ է, որ սա միայն քաղաքական ճգնաժամ չէ, որը կարող է հանգուցալուծվել արտահերթ ընտրությունների միջոցով, իսկ ընտրություններին ընդառաջ յուրաքանչյուր վատնված օր ՀՀ-ի համար կարող է լինել անդառնալի:

Հետևաբար, արտահերթ ընտրությունների չեղարկումը, սոցիալական լրջագույն մոբիլիզացիան և փողոցային շարժումն այլևս այլընտրանք չունեն:

Ելնելով վերոգրյալից` ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ.

Քաղաքական բոլոր ընդդիմադիր դերակատարներին միավորվել ընդհանուր շարժման շուրջ, որի նպատակը կլինի անցումային կառավարության ձևավորումը:

Հաշվի առնելով, որ ՄԻՊ-ի ինստիտուտը` ի դեմս Արման Թաթոյանի, ներկայումս հանրային շահը սպասարկող և կարողունակ միակ կառույցն է, որը ինչպես վայելում է հասարակության լայն շրջանակների վստահությունը, այնպես էլ փաստացի ներգրավված է սահմանային և անվտանգային խնդիրների լուծման գործընթացում՝ առաջարկում ենք Արման Թաթոյանին դիտարկել որպես անցումային կառավարության ղեկավար, որը նվազագույն անվտանգության ու քաղաքական կայունության ապահովման պարագայում կերաշխավորի ազատ և արդար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Իսկ կառավարության մյուս անդամների թեկնածությունները կքննարկվեն կոնսեսուսային տրամաբանությամբ` հիմքում դնելով անձի մասնագիտական ակնհայտ առավելությունները:

Այս նպատակով «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խորհուրդն այսօր կդիմի Կարին Տոնոյանին` սոցիալական մոբիլիզացիան և փողոցային շարժումը գլխավորելու առաջարկով:

Հ.Գ.

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդամներից որևիցե մեկն առաջադրված չի լինելու ձևավորվելիք կառավարության կազմում»:

--00—ՄՀ