Հերացիում ծնողներից մեկին հանձնել են 3 ոտք, երբ մայրը հարցրել է՝ ինչո՞ւ է 3, մեկը գցել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

նկար
«Փաստինֆոն» հոդված է հրապարակել Էջմիածնից Արցախ զորակոչված 41 զինծառայողների մասին, որոնք հայտնվել են Զանգելանում, երբ այն գտնվել է թշնամու հսկողության տակ։

Ըստ աղբյուրի՝ Էջմիածնից զորակոչված 41 զինծառայողներից 30-ի ճակատագիրն առ այսօր անհայտ է, նրանցից ոմանք անհասկանալի հանգամանքներում գերեվարվել են, թեև ի սկզբանե շրջանառության մեջ էր դրվում վարկած, թե զինվորները ԱԹՍ-ի զոհ են դարձել։

Քիմիկների զորամասի զինվորները հայտնվել Զանգելանում, երբ այն արդեն մեծամասամբ գտնվել է թշնամու հսկողության տակ, քննությունը այս պահին պարզում է հանգամանքները։ Տղաներին տեղափոխել են այնտեղ, որից հետո նրանց հետ կապը հարազատները կորցրել են։

Անհետ կորած զինծառայողի մայրը՝ Անահիտ Ադոյանը, աղբյուրին հայտնել է, որ Զանգելան մեկնած զինվորների խմբից կան գերեվարվածներ, որոնցից մեկը վերադարձել է հայրենիք եւս 4-ի անուն կա Ադրբեջանի կողմից հաստատված գերեվարվածների ցուցակում։ 

Զանգելանում անհայտ պայմաններում զոհված զինծառայողներից հինգ մարմին հուղարկավորվել է, չնայած հարազատները չեն հավատում փորձաքննության պատասխաններին։ Եվս մեկ ծնող ԴՆԹ փորձաքննություն է ուղարկել արտերկիր։

Ադոյանը վստահ է, որ նույնականացումը նույն պատասխանն է ցույց տալու, քանի որ իշխանությունները ուղիղ կապի մեջ են այլ երկրների լաբորատորիաների հետ։

Անհետ կորած զինծառայողի մայրը, անդրադառնալով Աբովյանի դիահերձարանի նկուղում պահվող մարմիններին ու մասունքներին, նշեց, որ դիահերձարանների «բարդակի» մասին վաղուց է բարձրաձայնել, արձանագրել մի շարք փաստեր։

«Հին ամսաթվով թարմ մարմիններ են։ Քանի որ այսքան ամսում այդ ջերմաստիճանում պահված մարմինը շատ ավելի վատ վիճակի պետք է լիներ, բայց ամեն դեպքում, երբ ասում են, որ մարդիկ չեն տանում՝ ստում են։ Եթե տալիս են հարազատին մեկ ոտք՝ ինչպե՞ս տանեն, չէ՞ որ այդ մարմինները պետք է ամբողջական լինեն»։

Դիտարկմանը, թե ԱՆ-ից մեկնաբանում են, որ հարազատները չեն ընդունում նույնականացման պատասխանները, Ադոյանը նշեց, որ նրանք պարզապես չեն կարող մաս-մաս հուղարկավորել հերոսներին։ Ադոյանը նշեց, որ հարազատներին շատ անգամ հայտնում են, որ նույնականացման հետևանքով համընկել է մեկ կամ երկու մասունք։

«Մեր քիմիկներից մեկի երեխայի մարմինը իբրև թե ամբողջովին «հավաքել էին»։ Ծնողը Հերացիում բացում, տեսնում է՝ 3 ոտք է, ասում է՝ ինչո՞ւ է 3, ու էդ պահին առանց վատ զգալու քննիչն ու դատաբժիշկը մի ոտքը վերցնում են, գցում մի կողմի վրա․ շպրտում են, հասկանո՞ւմ եք։ Դա հերոս տղայի մասունք է ու մարմին։ Ես հարազատին բացատրում եմ, որ եթե մի ոտքը հանեցին, միգուցե տղայի ոտքը գցեցին մի կողմ»,-ասել է Անահիտ Ադոյանը։

Նա նաև հայտնել է, որ, ամեն անգամ մեկ մասունք տալով, հարազատները չեն կարող որոշ ժամանակ հետո հայտնաբերված մյուս մասունքներ կրկին հուղարկավորել, և ամեն անգամ, երբ ծնողները բարձրաձայնում են իրենց խնդրի մասին, փորձում են լռեցնել։ Մի քանի օրվա ընթացքում նույնականացման պատասխաններ են սկսում ստանալ։

--00—ԼՄ