«Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ» տարածք ներխուժած քաղաքացու մոտ որևէ նյութ չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 25, 24News

ՔԿ

2021թ. հունիսի 24-ին` ժամը 09:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ»-ում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնական պահպանության բաժնի ոստիկանը պահպանվող տարածքի ներսում նկատել է տարեց քաղաքացու, ով ներկայացել է որպես վերահսկողություն իրականացնող աշխատակից և հայտնել, թե, իբր, պատրաստվում է թունավորել ջուրը, արտահայտել բազմաթիվ անհասկանալի մտքեր՝ դրսևորելով ակնհայտորեն անհավասարակշիռ  վարքագիծ: 

Նկատի ունենալով, որ քաղաքացին անհեթեթ, միմյանց չկապակցված և հանցավոր մտքեր է արտահայտել, պարզաբանումներ կատարելու նպատակով ոստիկանը վերջինիս բերման է ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին, որի ընթացքում քաղաքացին իր ձեռքին եղած մետաղյա քանոնով հարվածներ է հասցրել ոստիկանի ձախ ուսին և ձախ ձեռքի դաստակին:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր. քաղաքացու անձնական խուզարկությամբ որևէ նյութ չի հայտնաբերվել:

--00--ԱՀ