Բացահայտվել է որսագողության դեպք. հայտնաբերվել են ռետինե կոշիկներ, 127 ձուկ, մարտկոց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

Օգոստոսի 9-ի գիշերը ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները, ձկան ապօրինի որս կատարելու կասկածանքով, Սիսիան քաղաքի Որոտան փողոցի շենքերից մեկի բակից բերման ենթարկեցին Գառնի գյուղի 43 եւ 28 տարեկան երկու բնակչի՝ «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայով հանդերձ: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Մեքենայի զննությամբ բեռնախցիկում հայտնաբերվեցին հոսանքահարող ինքնաշեն սարք, մարտկոց, ռետինե կոշիկներ, իսկ պլաստմասսե դույլի մեջ ՝ 127 ձուկ, որոնցից 120-ը` բեղլու, 7-ը՝ կարմրախայտ:

Ըստ բերման ենթարկված 43-ամյա տղամարդու` ձկները որսացել էին Տորունիք բնակավայրին հարակից Այրի գետից` հոսանքահարման եղանակով:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00--ԱՀ