Լիտվան Հայաստանին է նվիրաբերելու «Մոդեռնա» պատվաստանյութի 50 հազար դեղաչափ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

կորոնավիրուս

Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել ամերիկյան արտադրության «Մոդեռնա» պատվաստանյութի 50 000 դեղաչափ փոխանցել Հայաստանին: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Լիտվայի դեսպանատան ֆեսբուքյան էջում տարածած հաղորդագրությունից:

«Որոշում է կայացվել «Մոդեռնայի» արտադրած «Spikevax» պատվաստանյութի 50 000 դեղաչափ փոխանցել Հայաստանին։ Ժամկետների մասին դեռ տեղյակ չենք, որոշումը նոր է կայացվել, բայց կհասնի մոտակա ապագայում՝ շատ մոտակա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Լիվայի առողջապահության նախարարության հրամանով Հայաստանին նվիրաբերելու նպատակով «Spikevax» պատվաստանյութի առկա պաշարներից 50 հազար դոզան պետք է առանձնացվի մինչև հոկտեմբերի 4-ը:

«Ես ուրախ եմ, որ մենք կարողանում ենք Հայաստանին օգնել, ոչ միայն «Աստրազենեկա» պատվատսանյութով, այլ հիմա նաև «Մոդեռնա» ընկերության  պատվատսանյութերով, քանի որ Հայաստանի քաղաքացիները ստիպված են եղել սպասել իրենց դոզային ավելի շատ քանի Լիտվայի քաղաքացիները»,- ասել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն:

Լիտվան առաջին անգամ է նվիրաբերում այս տեսակի պատվաստանյութը: Այս տարի Լիտվան արդեն 200 000 դեղաչափ «Աստրազենեկա» պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին, Մոլդովային, Վրաստանին եւ Ուկրաինային:

Սա առաջին անգամն է, երբ Հայաստան է ներկրվելու «Մոդեռնա» պատվաստանյութը: ԱՎելի վաղ «Մոդեռնա» ընկերության համահիմնադիր հայազգի Նուբար Աֆեյանն էր նշել, որ ԱՄՆ-ն հնարավոր է Հայաստանին նվիրաբերի «Մոդեռնա» պատվատսանյութը: Ինչ վերաբերվում է «Spikevax»  պատվաստանյութին, ապա այն արտադրված է «Մոդեռնա» ընկերության կողմից: Կիրառելի է 12 տարեկանից  բարձր անձանց դեպքում: Օգտագործվում է երկու դեղաչափով, 28 օրը մեկ պարբերությամբ: Պատվաստանյութը ցուցաբերել է 94,1 էֆֆեկտիվություն, իսկ քովիդ19-ի ռիսկային խմբում գտնվողների դեպքում այն ցուցաբերել է 90,9 տոկոս արդյունավետություն: Այն փորձարկվել է 14 հազար 134 մարդկանց դեպքում, որոնցից 11-ը պատվաստանյութը ստացել են քովիդ19-ի ախտանշանների առկայության դեպքում:

--0--ԿԿ