Թախտաբիթիներ կան, որ կպչում են որևէ երևույթի և իրենց համարում պարոն նախարար կամ մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

«Թախտաբիթիներ շատ կան, որ կպչում են որևէ երևույթի և իրենց համարում պարոն նախարար կամ մարզպետ»,- 24TV-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը՝ անդրադառնալով «Հայ հայը» հեղինակային ֆիլմին, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Մերօրյա իրականությունը պատկերող ֆիլմի կերպարների շարքում իր ուրույն տեղն ունի նաև թախտաբիթին։  

«Հայ տեսակը վտանգված է, ինքն իրեն հասցրեց այդ վիճակին, և չկա այն լույսը, որին մենք գնում ենք։ Փոսը ինքներս ենք փորել և հայտնվել այդ փոսում․ ուժգին ապտակը, որ ստացել ենք, սթափեցնող ապտակ էր։ Ոչ մի հստակ ծրագիր չկա, ոչ մի երկխոսություն՝ ինքդ քեզ հետ, և այս վիճակում բարոյալքված հայն ընդունակ է ամեն ինչի։ Չկա մի բարոյական նիշ, որին հավատարիմ լինի հայը, իսկ անորոշ քաղաքական խլրտումները բերում են տագնապային վիճակի։ Այսօր հայը չունի հենակետ, մենք չենք վստահում իրար, տագնապալի վիճակ է։ Հասկանանք՝ ինչ ենք ուզում։ Եթե մեր «ուզումները» մի քանի կետում դառնան մեկ, մենք կարող ենք ինչ-որ մի բանի հասնել»,- նշեց Միքայել Պողոսյանը։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։

--00--ԿԿ