Կառավարությունը կարող է զրկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից ձեռք բերած բաժնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Տնտեսական

Միխայիլ Զուրաբովը ոչ մեկին դատի չի տվել և Տրոցենկոյին ոչ ոք դատի չի տվել։  Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Զանգեզուր Մայնինգ» և «Walnort Finance» ընկերությունների շահերի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով «Զանգեզուր Մայնինգ»-ի՝ գործարքն անվավեր ճանաչելու հարցով դատարան դիմելուն։

««Զանգեզուր Մայնինգ» ընկերությունը, ում բենեֆիցիարը հանդիսանում է նաև Միխայիլ Զուրաբովը, գործարքներն անվավեր ճանաչելու պահանջով դատի է տվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին», «Արդյունաբերական ընկերությանը» և Հայաստանի Հանրապետությանն՝ ի դեմս «Վարչապետի աշխատակազմ» կառավարչական հիմնարկի», - նշեց Օրբելյանը։

«Զանգեզուր Մայնինգ»-ը դիմել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջով։ Գործարքը վերաբերում է Ռոման Տրոցենկոյի կողմից կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսի ձեռքբերմանը։

Միխայիլ Զուրաբովը կոմբինատի բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատերն է, ժամանակին զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախարարի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդականի պաշտոնը։

Այս գործով պատասխանողներ են նշանակվել Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ վարչապետի աշխատակազմի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ու Մոսկվայում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը։

Օրբելյանն ասաց, որ 60 տոկոս բաժնեմասերի առքուվաճառք է եղել, որից հետո նոր սեփականատերը 15 տոկոսը նվիրաբերել է Հայաստանի կառավարությանը։ «Հետևաբար եթե մենք այս 60 տոկոսն անվավեր ենք ճանաչում, օբյեկտիվորեն չի կարող գոյություն ունենալ մի տարբերակ, որ 45 տոկոսն անվավեր ճանաչվի։ Այսինքն, մի գործարք է եղել, այդ գործարքով բաժնետոմսերի 60 տոկոսը վաճառվել է «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությանը։ Եթե գործարքն անվավեր է, 60 տոկոսը վերադառնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, հետևաբար որպես հետևանք անվավեր է դառնում ինքնին նվիրատվությունը», - պարզաբանեց փաստաբանը։

Արամ Օրբելյանի խոսքերով՝ առքուվաճառքի գործարքը կնքելիս խախտվել է «Զանգեզուր մայնինգ»-ի նախապատվության իրավունքը։ «Որովհետև «Զանգեզուր մայնինգ»-ը՝ որպես գործող բաժնետեր, ուներ նախապատվության իրավունք։ Նաև կորպորատիվ համաձայնեցման գործընթացները չեն իրականացվել։ Սրանք առնվազն այն հիմքերն են, որոնք ներկայացված են դատական հայցում։ Չի բացառվում, որ նաև փաստաթղթերը ստանալուց հետո հավելյալ հիմքեր առաջանան», - ընդգծեց իրավաբանը։

«Առնվազն այս գործարքների տեսակետից ունենք էական հանգամանք. անձը, ով համարյա ունի 12.5 տոկոս մասնակցություն բաժնետոմսերում, դիմում է և ասում՝ «Ես ուզում ձեռք բերել բաժնետոմսերը, որոնք դուք հիմա ուզում եք վաճառել», իրեն ասում են՝ «Մենք քեզ չենք վաճառում, բայց կվաճառենք մեկ ուրիշի», մինչև այդ, անձը դիմում է դատարան, դատարանում արգելանք են դնում դրա վրա, կառավարությունը բուն այդ գործընթացների մեջ ինքնին որպես կառավարություն չէ, իշխանական մարմին չէ, ուղղակի այն անձն է, ում որ նվեր են տվել», - հավելեց Օրբելյանը։

Հայցադիմումը դատարան է ստացվել հոկտեմբերի 7-ին ու նույն օրը մակագրվել դատավոր Անահիտ Թումանյանին, սակայն դատական նիստի օրը դեռ նշանակված չէ։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ով ժամանակին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում խորհրդի անդամ էր, ասաց, ու այս գործարքն իր համար անհասկանալի է։

«Ես բացարձակ չեմ կարող մեկնաբանել դա։ Ես բազմիցս ասել եմ, որ այդ գործարքն ինձ համար անհասկանալի է։ Թե ի՞նչ եղավ, ո՞վ փոխանցեց այնտեղ, ինչի՞ դիմաց, դա փակ է պահվում, ու նաև «Գեոպրոմայնինգ»-ն ի՞նչ կապ ունի «Արդյունաբերական ընկերության» հետ, և ո՞վ գնել է դա», - 24News-ի հետ զրույցում նշեց նա։ 

«Ենթադրում եմ, որ դատարանը հայցը բավարարել է և կալանք է դրել 45 տոկոսի վրա, 15 տոկոսն ո՞ւր է գնացել, դա էլ անհասկանալի է։ Կրկնում եմ, և ևս մեկ անգամ շեշտում, որ անհասկանալի, մութ ու տարօրինակ գործարք է», - հավելեց պատգամավորը։  

Հակոբյանն ասաց, որ օգոստոսի 3-ից որևէ կապ չունի կոմբինատի հետ։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մամուլի բաժնի աշխատակից Լիլիթ Իսրայելյանն ասաց, որ այս պահին որևէ մեկնաբանություն անել չի կարող գործարքի և կառավարությանը կատարված նվիրատվության վերաբերյալ։ «Բաժնետոմսերի պահով ընկերության դիրքորոշումը միանշանակ այնպիսին է, որ մենք որևէ մեկնաբանություն չենք անելու։ Մենք ունեք պաշտոնական ֆեյսբուքյան էջ, անհրաժեշտության դեպքում մեր հայտարարությունները կլինեն այնտեղ, եթե հարկ համարենք այդ մասով որևէ հայտարարություն տարածել։ Այս պահին այսքանն եմ կարող Ձեզ փոխանցել», - եզրափակեց նա։ 

Դատական գործի վերաբերյալ մեկնաբանության և «ինչի՞ դիմաց է կառավարությանը տրվել բաժնետոմսերի 15 տոկոսը» հարցին պատասխանելու համար 24News-ը կապ հաստատեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ։ Վերջինս խնդրեց գրավոր հարցում ուղարկել։ 

«Արդյունաբերական ընկերության» հետ կապ հաստատել ու նրանց պաշտոնական կայքէջը գտնել չհաջողվեց։

Կառավարության պաշտոնական էջում հոկտեմբերի 1-ին հրապարակված հաղորդագրության համաձայն՝ «Արդյունաբերական ընկերություն»-ը ՀՀ կառավարությանն է նվիրաբերել Ընկերության 25% բաժնետոմսերը։ ««Արդյունաբերական ընկերությանն» է պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60%-ը։ ՀՀ կառավարությանը նվիրաբերված 25%-ը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը, որն էլ հետևապես անցել է ՀՀ սեփականությանը։ «Արդյունաբերական ընկերությունը» «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ընկերություն է, որը 2021թ. սեպտեմբերի 30֊ին ձեռք էր բերել ԶՊՄԿ֊ի 60%֊ը»։

Նույն հաղորդագրության համաձայն՝ «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոն գործարքի իրականացումը մեկնաբանել է հետևյալ կերպ՝ «Ուրախ ենք մեր բիզնեսը Հայաստանում ավելի ընդլայնելու և ԶՊՄԿ-ում մեծամասնական մասնաբաժին ձեռք բերելու հնարավորության կապակցությամբ՝ միաժամանակ առաջարկելով Հայաստանի Հանրապետության 15% բաժնեմասնակցությունը ԶՊՄԿ-ի սեփական կապիտալում: Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ և սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է»։

--0--ԿԿ