Բացակա Հայաստան

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24 News

հանրահավաք

«Նրանցից ոչ ոք ոչինչ չի մոռացել և ոչինչ չի սովորել»։ 

Ֆրանսիացի ադմիրալ դե Պանի նամակից հայտնի լրագրող Մալե դյու Պանին՝ ասված ռոյալիստների մասին, 1796թ.

Բացթողումների շարունակվող շարքը պիտի բերեր մինուսային այն կարգավիճակին, երբ շահածդ գումարելիների պաշարը անիմաստ մսխելուց հետո հայտնվում ես ազատ անկման մեջ, և վերականգնման համար անհրաժեշտ պոտենցիալդ պոտենցիա չունի։ Այսինքն՝ ինչ֊որ մի բան ֆիզիկապես կա, բայց ունակ չէ ոչ մի բանի։ Սա նշանակում է, որ խոսակցության նյութը ոչ թե սուբյեկտ է, նույնիսկ ոչ էլ առարկա, այլ ընդամենը իր` այն էլ անպիտան։ 

Եվ մեր կյանքում բացակայում է գլխավորը` ՆՊԱՏԱԿԸ

Աննպատակ մարդն արդեն իսկ մեռել է մահանալուց առաջ, իսկ առանց նպատակի երկիրը դատապարտված է բարոյալքման, ամլության, հերթական պարտության և կամավոր ստրկության։ Պետության ԳԵՐԽՆԴՐԻ նպատակամետությունը սպանվեց 1999 թվականի հոկտեմբերի 27֊ին։ 

Դրանից հետո եղածը ֆիկցիա էր` թեթևսոլիկի հեզաճկուն վարքագիծ, որի ժամկետը լրանալուց իսկույն գալու էր պատասխանատվության ժամանակը` անողոք, անզիջում, պահանջկոտ։ Մենք էպոխան բաց թողեցինք, պետությունը ազգ չստեղծեց, ապագան ջարդվեց ներկայում։ 

Ֆիասկոն լիարժեք դարձավ 2020-ի պատերազմի ժամանակ։ 

Սակայն այս ամենը կլիներ նույնիսկ ոչ թե քաղաքական, այլ զուտ պատմագիտական զրույց կամ հետազոտություն անցած 21֊22 տարվա անպտուղ ժամանակի, կորսված հնարավորությունների, հակապետական շրջանի և այս ամենի կապիտուլատիվ վերջնարդյունքի մասին, եթե քաղաքական էլիտան սթափվեր ու հասարակությանը և ժողովրդին մղեր իրատեսության ու վերականգնման դաշտ։ Այնինչ, եղավ ուղիղ հակառակը։ 

Նոյեմբերի 9֊ից սկսվեց հորինելու շրջափուլը` կենսագրություն, գործողություն, հերոսություն, վախկոտություն, օգնություն, ներկայություն, բացակայություն և գրեթե ամեն ինչ։ Ու մենք նորից պահն էլ, ժամանակն էլ, հնարավորությունն էլ բաց թողեցինք։ Ծեծված որբ լակոտի պես բռնեցինք մուրացկանի ցնցոտիավոր ճամփան։ Տեր չդարձանք ո՛չ անցած հաղթանակին, ո՛չ եղած պարտությանը, ո՛չ պետությանը, ո՛չ ինքներս մեզ` մնացինք օտար ուժեղների տիրության հույսին։

Ապշելու է հայի՝ անցյալով ապրելու ու անցյալից դասեր չքաղելու մոլագար համառությունը։ Նաև սրա մեջ է մեր ազգային առանձնահատկությունը։ 

Անցած մեկ տարվա մեջ ոչինչ չարվեց ծնկաչոք վիճակից ոտքի կանգնելու համար, որովհետև «ինչքան վատ՝ այնքան լավ» սկզբունքը օգնում է թե փաշինյանական վարչախմբին, թե Քոչարյանի գլխավորած դաշնակցական ընդդիմությանը։ Հակառակ դեպքում, նրանք չեն կարող լինել, քանի որ իրենց քաղաքական ամբիցիաները, որոնք հակադրվում են պետական շահին, կզրկվեն ռեալիզացիայի հնարավորությունից։

Հիմա Հայաստանում ոչ ոք օգուտ չի քաղում, որովհետև կառավարման իմիտացիա է, ընդդիմադիր իմպոտենտություն, հանրային շփոթվածություն ու համաժողովրդական անտարբերություն։ Անցած մեկ տարվա մեջ սանիտարական համընդհանուր ֆիլտրացիայի փոխարեն աղբը դարձին համատարած գործոն։ 

Պետությունը ապրող օրգանիզմ է և գտնում է կրիզիսից դուրս գալու ելքերը` մի տեղ գոլորշի է բաց թողնում, այլ տեղ անհանգիստ զանգվածներին է ուղղորդում, նոր ճանապարհներ է բացում ներուժ ունեցողների համար, գտնում է պիտանի անհատներին, խմբեր ձևավորում, իր կադրային բանկը դատարկում ու լիցքավորում  և էլի նման ու տարբեր բաներ։ Բայց այս ամենը՝ այն դեպքում, երբ պետություն ես` ունես ԳԵՐԽՆԴԻՐ, ՆՊԱՏԱԿ, խնդիրների պատկերացում, միջոցներ գտնելու ունակություն։

Իսկ ի՞նչ անուն դնենք մի բանի, ով, ընկնելով պատերազմի մեջ, տալով մարդկային ու տարածքային լրջագույն կորուստներ, կորցնելով սուվերենությունը և շպրտվելով շատ հետ, զբաղված է «կապիտուլյանտ֊թալանչի» տխմարագույն բանավեճով։ Ի՞նչ ասենք` քաղաքականություն, պետականություն, պատասխանատվություն, բարձր գիտակցություն, թե՞ անմեղսունակություն կամ հանցավոր դավադրության շարունակություն։ Ամեն ինչ կարելի է ասել, բացի հայրենասիրությունից, պետական մտածելակերպից, մարդասիրությունից, արժանապատվությունից, հոգատարությունից։ Այս մեկ տարվա ցուցիչը չափանիշն է այսօրվա քաղաքական սեգմենտի, հանրության ու ժողովրդի։

Փաստենք, որ պետություն չունենք և ոչ էլ ազգ կոչվածի մակարդակին ենք հարիր։ ՄԱԿ-ի կողմից ընդունված և ՀՀ կոչվող սահմաններից ներս գոյատևում է անձնագիր ունեցող մարդկանց զանգված, որը չի ուզում առաջնորդ ունենալ և առաջնորդվել գաղափարով, որոնց համար պարտությունը պատվի հարց չի և հաղթանակն էլ կյանքի իմաստ չի։ Պետության, անկախության, ազատության իդեաները նրանց համար իդեալներ չեն, և հայրենիքի հանդեպ սերն էլ ամենաեռանդուն ձևով արտահայտվում է հող ու ջրի մասին սկսվող ու թուրքերին մեր քրֆելով ավարտվող կենացներով։ Այսինքն՝ ցեղերին հատուկ ինչ կա, մերն է` հարազատ ու սիրելի։

Այլևս մեծ մշակույթ ու գիտություն չի դուրս գալիս այս տարածքից, և պետականորեն առաջին քրիստոնյա ազգը հանրագումարում ավելի շատ ու շուտ հեթանոսական ոճի ավանդապաշտ աթեիստ է, ով մինչ օրս դեռ չի գիտակցել, որ մի հատ էլ յուրացրած լինի, թե ինչ է նշանակում «Սիրիր մերձավորիդ» աստվածատուր կանոնը։ Այօրվա կատաստրոֆան նրա մեջ է, որ մինչ օրս չի հասկացվել պարտության պատճառը, և ուստի չի քննարկվում հետևանքների չեզոքացման ճանապարհային քարտեզի ստեղծումը։ 

Եվ այս ամենից օգտվում են քաղաքական պետերը։ Նրանց կրեդոներն են` զբաղվել պոպուլիզմով և դեմագոգիայով, թույլ չտալ իրենցից բացի այլ ուժերի ձևավորումն ու առաջընթաց։ Սա բերելու է կոշտ ու կոպիտ հակազդեցության, երբ հաջորդիվ եկողները պատմական դատաստանի ենթարկեն նախկին֊ներկա, սև ու սպիտակ արատավոր թեզերի ստեղծողներին էլ, տարածողներին էլ, արբանյակներին էլ։ Առանց «Ավգյան ախոռների» մաքրման Հայաստանը չի ազատվի քաղաքական նեխած իրավիճակից։ 

Պարտադիր է խոսել մտավորականության մասին, ով իշխանությունից և ընդդիմությունից հետո մթնոլորտի և իրավիճակի համար պատասխանատու  երրորդ սեկտորն է։ Հավաքական առումով հայ մտավորականությունը ամենից բացասական և դատապարտելի դերը խաղաց։ Խորհրդային խստաշունչ ռեժիմում մեզ հաջողվեց ստեղծել եղածով չբավարարվող, անընդհատ զարգացման ձգտող և ընդգծված դիմագիծ ունեցող պետություն, որի առավելություններն ու հաջողությունները մրցում ու հաճախ գերազանցում էին առաջատար երկներին։ Իհարկե, սովետական համակարգը այստեղ քիչ դեր չունի, բայց անհատների գործոնը գերազանցում է նրան։ 

Անկախությունից հետո մտավորականությունը պիտի ճգնաժամի մեջ հայտնված ժողովրդին հոգևոր սնունդ հասցներ, չթողներ դաստիարակի առաքելությունը, կանգներ անկախության կողքին, թույլ չտար, որ հաղթանակների և պետականակայացման օրերն ու տարիները հետո դավադրաբար անվանակոչեին ցրտի ու մթի կենցաղային տգետ պիտակով, լիներ իշխանության և ընդդիմության մեջտեղում, հավասարակշռեր իրավիճակը, ընտրեր քարոզչության գաղափարը, Հայաստանի անկախության և Արցախի ազատագրման ռահվիրան ու տրուբադուրը դառնար, զբաղվեր մշակույթի ժառանգության հանրահռչակմամբ ու դներ անկախ հայրենիքի կուլտուրայի հիմքերը, կրթության ձևն ու էությունը որոշեր և, ի վերջո, իր խոսքն ասեր Ղարաբաղյան հարցի լուծման մասին։ 

Առանձին անհատներին հանած՝ մտավորականությունը վերոգրյալի հետ կապված ոչ միայն ոչինչ չարեց, այլև զբաղեցրեց կեղծ ավանդական ազգայնական թունավոր գաղափարների քարոզչի դերը, սկսեց խոսել ֆիդայականության լեզվով և հարմարվեց օրվա իշխանությունների քիմքին։ Ստեղծագործական առումով մտավորականությունը սնանկ է, դիրքորոշման առումով բացակա է, խոսքի ազդեցիկության առումով զրոն ավելի որոշիչ թիվ է, քան իրենց հավաքական գործոնը։ 

Այսօր ճանապարհը մնացել է սա. չթողնել Հայաստանը` հեռանալու միտումով, չթողնել Հայաստանը քաղաքական այս վերնախավի ձեռքին, հաղթահարել վախերն ու կռվել հավատքով, գտնել համախոհներին, կազմակերպել միավորներ, որոշել պայքարի փուլերն ու ձևերը, հավատարիմ մնալ Քրիստոնեական հավատին և Անկախ պետականության գաղափարին, քանի որ եթե ապրում ենք և բնակված ենք այստեղ, ուրեմն իրավունք չունենք լինել անտարբեր կամ գոլ` կայրվենք բոլորս` հայտնվելով Դանթեի կողմից նշած միջավայրում.

«Դժոխքի առավել շիկացած տեղերը նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր երկրի դժվարին պահին չեզոք են մնացել», (Աստվածային Կատակերգություն)։ 

Ռուբեն Վարդանյան 
պատմաբան, հրապարակախոս

--00--