Արցախում հատուկ նշանակություն են տալիս Աբխազիայի հետ հարաբերություններին․ ԱՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Արցախ

Նոյեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Ինալ Արձինբային։

Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Հարգելի պարոն Արձինբա,
Արտաքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնին նշանակվելու առթիվ։ Այդ բարձր և պատասխանատու պետական պաշտոնում մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ ու արդյունավետ աշխատանք։

Արցախում հատուկ նշանակություն են տալիս Աբխազիայի հետ հարաբերություններին։ Հաշվի առնելով Արցախի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության բազմամյա փորձը և բարձր մակարդակը՝ համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ ևս համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ հանուն մեր երկրների ժողովուրդների կենսական շահերի։

Վերստին շնորհավորում եմ Ձեզ, մաղթում ամուր առողջություն և ամենայն բարիք, իսկ եղբայրական Աբխազիային՝ խաղաղություն և բարգավաճում»։

--00--ԿԿ