Թուրքական 3 նախապայմաններին ավելացել է ևս մեկը. բանակցություններում առաջընթաց չի լինի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Քաղաքական

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կարևորը կողմերի դիրքերն են։ Այս մասին 24News-ին ասաց  ԳԱԱ ակադեմիկոս, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին կարգավորման հարցին։

Երեկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով թուրքական կողմը հատուկ ներկայացուցիչ կնշանակի։ Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված ԱԳՆ մեկնաբանության համաձայն՝ հայկական կողմը ողջունել էր Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը, և հաստատել, որ «հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»։

Ակադեմիկոս Սաֆրաստյանի խոսքերով՝ Հայաստանը հայտարարում է, և միշտ էլ հայտարարել է, որ կողմ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն, սակայն Թուրքիան չի հրաժարվում իր նախապայմաններից։ «Այն 3 նախապայմանները, որ տասնամյակների ընթացքում ներկայացրել է Հայաստանին, հիմա էլ 4-րդն է ավելացրել՝ կապված այսպես կոչված «Սյունիքի միջանցքի» հետ, ինչպես իրենք են ասում՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ։ Հիմա Թուրքիան մնում է իր դիրքորոշման վրա, Հայաստանն՝ իր։ Կարծում եմ՝ դրական է, որ նշանակվելու են ներկայացուցիչներ, բայց հաշվի առնելով Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բնագավառում՝ այդ բանակցությունների ընթացքում առաջընթաց չեմ սպասում», - ընդգծեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը։ 

Ռուբեն Սաֆրասյանը նշեց, որ «3 + 3» (փաստացի «3 + 2») ձևաչափից նույնպես որևէ դրական բան չի ակնկալում։ 

«Որովհետև մենք ունենք մեկ այլ ձևաչափ՝ Հայաստան, Ադրբեջան և Ռուսաստանը որպես միջնորդ։ Կարծում եմ, որ այս ձևաչափն ավելի նախընտրելի է, որովհետև եթե «3 + 3»-ին փաստորեն Վրաստանը չի մասնակցում, այն դառնում է Հայասատան-Ադրբեջան տնտեսական, կոմունիկացիաների ոլորտներում հարաբերությունները կարգավորող ձևաչափ։ Մենք արդեն ունենք եռակողմ ձևաչափը։ Իսկ այստեղ արդեն ավելանում է Թուրքիան, որը Հայաստանի նկատմամբ անց է կացնում ոչ բարյացական, մեղմ ասած, ճնշման քաղաքականություն։ Եվ ակնկալել, որ այստեղ կարող են լինել դրական զարգացումներ, իմ կարծիքով՝ սպասել պետք չէ», - եզրափակեց արևելագետը։

Հիշեցնենք, որ նախապես ծրագրավորված «3 + 3» (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ձևաչափով հարթակը փաստացի դարձավ «3 + 2», քանի որ Վրաստանը հրաժարվեց միանալ։ Պատճառն այն է, որ վրացական կողմը Ռուսաստանին մեղադրում է Հարավային Օսիան և Աբխազիան բռնազավթելու մեջ։ Տարածքաշրջանային խաղաղաության և կայունության համար նախատեսված այս հարթակի առաջինը նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ մասնակից երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների տեղակալների մակարդակով։ Մասնակից բոլոր երկրները դրական էին գնահատել այն։ Հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունը դեկտեմբերի 11-ին նշել էր, որ մասնակցության համար «դուռը Թբիլիսիի համար բաց է»։

--00--ԿԿ