Ի՞նչ պայմանավորվածություններ ունի Կապանի համայնքապետը Նիկոլ Փաշինյանի հետ. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Հասարակական

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, որը պատերազմից հետո պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նախ՝ նոյեմբերի 14-ի ընտրություններից հետո, ապա նոյեմբերի 24-ին Փաշինյանի հետ հանդիպումից հետո խոսել էր կառավարության հետ միանշանակ համագործակցելու մասին՝ շեշտելով, թե «հունիսի 20-ին կայացել են խորհրդարանական ընտրություններ, և ժողովուրդն իր որոշումը կայացրել է»: Այս հայտարարությունը առանձնապես մեծ ուշադրության չարժանացավ, քանզի շատերը պարզապես համարեցին, որ բնական է ՏԻՄ-երի և գործադիր բարձրագույն մարմնի համագործակցությունը:

Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, համագործակցությունն իրականում այլ երանգ ու բովանդակություն է ստացել և հիմքում ունի որոշակի պայմանավորվածություններ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, որպես իշխանությունների հետ «հաշտության» պայմաններից մեկը, Փարսյանը պահանջել է, որ պաշտոնից ազատվի Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը: Այս հարցով Փարսյանը հանդիպել է նախկին փոխվարչապետ, ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:

Մեր տեղեկություններով, իշխանությունները համաձայնություն են տվել այս պահանջին, սակայն որոշում են կայացրել Բաբայանին փոխարինել այնպիսի թեկնածուով, որի հետ նույնպես Փարսյանը որոշակի հակասություններ ունի, որպեսզի Կապանի համայնքապետի նկատմամբ վերահսկողությունն ամբողջապես չկորցնեն: Թերթի հավաստի տեղեկություններով, Սյունիքի մարզում Գևորգ Փարսյանը միակ համայնքապետը չէ, որ բավականին կոմֆորտ համագործակցություն է հաստատել իշխող ուժի հետ: Բայց, ինչպես ասում են, այդ մասին՝ հաջորդ դասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում