ՀՀ-ում այլընտրանքային լուծումներ պետք է գտնել, եթե ՌԴ-ում ինտերնետը սահմանափակվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

հասարակական

Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ինտերնետային սահմանափակումների պայմաններում եթե խնդիրներ առաջանան Հայաստանի համար, ապա այլընտրանքային լուծումներ կարելի է գտնել։ Այս մասին 24News-ին ասաց մեդիափորձագետ Արթուր Պապյանը։
 
Մեդիափորձագետի խոսքերով՝ հայաստանյան կապի զգալի մասը հյուսիսային ուղղություններով է գալիս․ «Օրինակ՝ «Ռոստելեկոմ», «Բիլայն», սակայն այնպես չէ, որ մենք միայն այդ գծի վրա ենք։ Ինտերնետն այնպես է աշխատում, որ երբ մի ուղղությունը փակված է լինում, ինքը փորձում է այլընտրանքային ռուոթեր [երթուղիչ] գտնել։ Մեր կապը գնում է Վրաստան, այնտեղից՝ արդեն Ֆրանկֆուրտ կամ ռուսաստանյան ուղղություն և այլն։ Բավականին մեծ կարողություններ ունի մեր օպերատորներից «Յուքոմը», ինտերնետ է ստանում, դրանից ընդամենը մոտ 10-15 տոկոսն է թողնում Հայաստանում, մնացածն արտահանում է դեպի Իրաք։ Եթե մեծ անհրաժեշտություն լինի, «Յուքոմը» հնարավորություններ ունի կարողությունները մեծացնել հայաստանյան շուկան բավարարելու համար։ Միայն ինքը չէ, «ՋիԷնՍի Ալֆա»-ն Իրանի տարածքով գիծ ունի, կարող է 20 տոկոսից ավելի կապն ապահովել», - ընդգծեց մեդիափորձագետը։

Ինչ վերաբերում է ՌԴ-ի նկատմամբ սոցիալական խոշոր ցանցերի և ինտերնետային հարթակների սահմանափակումներին, ապա Արթուր Պապյանն ասաց, որ այս դեպքում ևս կարելի է լուծում գտնել։ «Հայաստանցիները Youtube-ից, Facebook-ից փող ստանալու նորմալ ձևեր չունեն, հաշիվը հայաստանյան հասցեի վրա չեն գրանցում, այլ՝ օրինակ ամերիկյան, այս դեպքում խափանման մասին խոսք չի կարող լինել։ Եթե ինչ-որ մեկը ռուսաստանյան ուղղությունից է գումար ստանում, կարող է հասցեն փոխել ԱՄՆ-ի կամ Հոլանդիայի վրա»։ Իսկ ամպային պահեստների դեպքում (օր․՝ Google Drive, Amazon Drive), ըստ մեդիափորձագետի, խնդիրը գրեթե բացառվում է, սակայն կարող են տուժել ռուսաստանյան Yandex-ի, Mail.ru-ի ծառայություններից օգտվողները, սակայն Հայաստանում խոշոր օպերատորներն ունեն այլընտրանքային պրոքսիներ, սերվերանոցներ։

Պապյանը նշեց, որ ՌԴ-ն պաշտպանական մի մեթոդ է կիրառում, եթե տեսնում է DDoS հարձակում ռուսական կայքերի վրա։ «Փակում են դրանք ամբողջ աշխարհի համար, բացի ՌԴ-ից։ Երբ որ գնում եք կայք, տեսնում եք Error 418 գրությունը, այդպիսի Error չկա, այսինքն՝ այդպես դնում են, որպեսզի իմաց տան, որ ադմինիստրատորներն են փակել դրսի աշխարհի IP հասցեների համար։ Այս տեսանկյունից եթե հայաստանցիները դիատարկվեն դրսի IP-ի, կարող են, օրինակ՝ Yandex-ի, Mail.ru-ի գովազդային համակարգից եկող ինչ-որ եկամուտներից զրկվել»։

Փորձագետը հիմնական ծառայություների խափանումներ չի կանխատեսում, սակայն ուրիշ հարց, որ լայնածավալ կիբերպատերազմական գործողություններ լինեն։ «Հիմա ի՞նչ է կատարվում․ ուկրաինանցիներն ավելի շատ են կիբերհարձակումների ենթարկում ՌԴ-ի ենթակառուցվածքները, իսկ ռուսների հարձակումներն ավելի այլ բնույթ են կրում։ «Վայփեր» ջնջող ծրագրով խոցում էին ինչ-որ թիրախներ, այնտեղից իրենց հետաքրքրող ինֆորմացիան վերցնում էին ու հետո ամբողջական համակարգը ջնջում։ Իսկ այս կիբերպատերազմը շատ վտանգավոր է, ինտերնետը սահմաններ չունի։ Ինչ-որ պահի կողմերից մեկը կամ մյուսը կարող է սահմաններից դուրս գալ ու խոցել ավելի լայնամասշտաբ ծառայություններ, օրինակ՝ ռուսները կամ ուկրաինացիները որոշեն Microsoft-ի համակարգը փչացնել, բայց այստեղ մտնում ենք արդեն «եթե»-ների դաշտ»։

Պապյանը նշեց, որ ռուսաստանյան ՏՏ մասնագետներն այս շրջանում շատ են տեղափոխվում Հայաստան՝ ՌԴ-ի համար անհասանելի ծառայություններից օգտվել համար։ «Տեղափոխվում են Հայաստան, որովհետև այստեղից քլաուդռեսուրսները հասանելի են։ Այս ծառայություններն օգտագործում են բալանսերների նման բաներ։ Սերվերների տարբեր ցանկ ունեն, և կապված նրանից, թե որ սերվերն է ավելի հասանելի կամ քիչ ծանրաբեռնված, դրա վրա են տվյալները տեղավորում։ Այնպես չէ, որ Հայաստանին վերաբերող ինֆորմացիան Ռուսաստանի կամ Ավստրալիայի տարածքում է, այսինքն՝ գործում է սինխրոնիզացիոն համակարգ։ «Եթե ռուսաստանյան ուղղությունով քեշավորվող կամ հերթական սերվերները հասանելի չլինեն, տեղավորելու են Թուրքիայի, Իրաքի կամ այլ երկրի տարածքում։ Պետք չէ անհանգստանալ, թե որ երկրի տարածքում տեղակայված սերվերի վրա է գցել, համակարգը նայում է՝ որտեղ կա հասանելի սերվեր ու տեղափոխում է ինֆորմացիան», - եզրափակեց Արթուր Պապյանը։

--00--ԿԿ