Փակելով Արցախի գազը՝ Բաքուն փորձում է ավարտել էթնիկ զտումները և անհնար դարձնել բնակչության կյանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Արդեն 3 օր Արցախի բնակչությունը զրկված է բնական գազից: Սա տեղի է ունեցել Ադրբեջանի անմիջական միջամտությամբ: Այս մասին Կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ  մարտի 7-ին Արցախի գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, և ամենատարբեր պատրվակներով թույլ չէր տալիս նորոգել գազատարը: Այս ամենի հետևանքով, ըստ տեղեկությունների, գազատարի վրա տեղադրվել  է փական:

«Մարտի 11-ին 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո, մարտի 21-ին՝ առանց պայթյունների, փակել է գազի փականը, այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը: Առանձնակի ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ գազամատակարարման 2 դադարներն էլ արվել են եղանակային բացառիկ պայմաններում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մարտի 7-ին վերջին 30 տարում աննախադեպ քանակի ձյուն էր տեղացել Արցախում,  և օդի ջերմաստիճանն անկում էր գրանցվել: Մարտի 21-ին ջերմաստիճանն այդ ռեկորդը գերազանցվել էր,  և ձյան շերտի հաստությունը հասել էր Ստեփանակերտում մեկ մետրի, ջերմաստիճանը՝ մինուս 8 աստիճանի: Այս պայմաններում Արցախը զրկվել էր բնակարանները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները ջեռուցելու հնարավորությունից, և Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին:

«Փաստը, որ այսքան տառապանքներից հետո Արցախում հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը, և խնդիր է դրված ամեն ինչ անել՝ Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար»,-ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 --00—ՀԶ