Հակակոռուպցիոն կոմիտեն և ԱԱԾ-ն համատեղ խուզարկություններ են կատարել ԱԻՆ խորհրդականի սենյակում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

հասարակական

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանի աշխատասենյակում։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց նախարարի մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը։

Բաղդասարյանն ասաց, որ ինչ-որ քրեական գործի շրջանակներում են քննչական գործողություններ իրականացվել։ «Խնդրի հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, որովհետև ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Առաջիկա օրերին ավելի պարզ կլինի», - նշեց ԱԻՆ մամուլի խոսնակը։

«ԱԻՆ-ում կատարված խուզարկությունները կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում են իրականացվել», - 24News-ին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել՝ ելնելով նախաքննոթյան շահերից», - եզրափակեց նա։ 

24News-ի տեղեկություններով Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների հետ խուզարկություններին մասնակցել են նաև Ազգային անվտանգության ծառայության քննիչները։ 24News-ը փորձեց կապ հաստատել նաև ԱԱԾ-ի հետ, սակայն զանգերը մնացին անպատասխան։ 

ԱԻ նախարարի խորհրդական Աշոտ Հակոբյանի աշխատասենյակ կատարած զանգերը նույնպես մնացին անպատասխան։

--00--ԿԿ