Գնդացիր, ինքնաձիգներ, նռնակներ. Կոտայքի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

 

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Հրազդանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» գնդացիր և ռազմամթերք։ Հրազդանի մի բնակիչ էլ կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնու հրացանը, որը ձևափոխված էր ատրճանակի, նաև՝ ռազմամթերք։ Զենք-զինամթերքի կամավոր հանձնումը Հրազդանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունք է։ Ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք։

Արդյունավետ էր նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Չարենցավանի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է Արցախից բերած «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ մասի ծառայողները, ինչի շնորհիվ Եղվարդի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է ռազմամթերք, այդ թվում՝ պայթուցիչով նռնակ։

Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

--00--ՍԳ