«Մոսկվայում տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը». Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

լավրով

«Մոսկվայում համաձայնեցվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը»,-այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Интерфакс-Азербайджан»-ը: 
Սերգեյ Լավրովը ընդգծել է, որ հարցը քննարկել է Հայաստանի վարչապետի և արտգործնախարարի հետ՝ Երևան կատարած այցի ընթացքում։

«Նրանք հաստատել են սահմանազատման հանձնաժողովի շրջանակներում երկրորդ հանդիպմանը մասնակցելու՝ իրենց պատրաստակամությունը։ Ես ոչ մի տեղից ազդանշաններ չեմ տեսել, որ կողմերը մտափոխվել կամ չեն ցանկանում մասնակցել այս աշխատանքին։ Ընդհակառակը, հաստատում եմ ստացել և՛ Երևանում, և՛ այսօր՝ բանակցությունների ժամանակ, որ սահմանազատումը ներկա փուլում բոլոր ջանքերի շատ կարևոր բաղադրիչն է»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ սահմանազատման հանձնաժողովի նիստը տեղի կունենա Մոսկվայում, որի ժամկետն այժմ քննարկվում է։ 

«Ռուսական կողմը, ինչպես և պայմանավորվել են երեք երկրների ղեկավարները, պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել։ Ճիշտ նույն կերպ պատրաստ ենք նպաստել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նախաձեռնություն, որով հանդես են եկել մեր ադրբեջանական բարեկամները»,– ասել է Լավրովը։ 

 

Լավրովը նաև շեշտել է, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել նաև «3+3» ձևաչափին, որտեղ, բացի կովկասյան 3 պետությունները, ներգրավված են նրանց 3 խոշոր հարևանները՝ Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան։ 

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի հերթական հանդիպումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ։ Հաղորդվում է, որ կողմերը քննարկել և հայտնել են իրենց դիրքորոշումները սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի տարածքների ճանապարհներով և երկաթուղիներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման հարցերի շուրջ։

--00—ԻԴ

Տեսանյութեր